Tert.am-ը գրում է.

Ոչ թե Բակո Սահակյանը պետք է երաշխավորի արդար ընտրությունների անցկացումը, այլ երաշխավորողը երկրի Սահմանադրությունն ու օրենքն է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը:

«Բակո Սահակյանը՝ որպես երկրի առաջնորդ, պետք է ապահովի օրենքի կիրառումը, իսկ մենք էլ՝ որպես քաղաքական ուժ, ունենք հնարավորություն ոչ միայն մասնակցելու ընտրություններին, վերահսկելու դրանք, այլ հայտարարելու, որ ամեն ինչ անելու ենք, որ երկրում տեղի ունենան թափանցիկ, օրենքին համապատասխան ընտրություններ: Իսկ այն անձինք կամ ուժերը, որոնք կխանգարեն, պատասխանատվություն են կրելու ժողովրդի և օրենքի առաջ, դրա համար մենք այսօր չենք քննարկում, որ կարող է որևէ մեկը խանգարել»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

«Մանավանդ, երեկ ՀՀ վարչապետը ի լուր աշխարհի հայտարարել է, որ Հայաստանը ջանք ու եռանդ չի խնայելու Արցախում, օգնելու է, որպեսզի այդ ընտրություններն ընթանան մեր նշած պայմաններին համապատասխան»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ նախագահ Բակո Սահակյանը աջակցելու է հենց Արայիկ Հարությունյանին և նա ու Վիտալի Բալասանյանը համարվում են իշխանության թեկնածու, Հարությունյանն ասաց. «Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան և շատ այլ անձինք կան, որոնք այսօր իշխանության մաս են կազմում կամ պատասխանատվություն են ստանձնում, և իշխանությունը չի կարող նախընտրել որևէ մեկին. երկրի նախագահ ընտրելու բացառիկ իրավունքը տրված է բացառապես ժողովրդին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել