168.am-ը գրում է.

Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան հայտարարել է, որ պակիստանյան բանակը կաջակցի Ջամուիի եւ Քաշմիրի հնդկական նահանգի բնակիչներին՝ տարածաշրջանի հատուկ կարգավիճակը չեղարկելու Նյու Դելիի որոշման կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Associated Press Of Pakistan գործակալությունը:

«Պակիստանի բանակը մինչեւ վերջ հաստատուն կերպով կաջակցի Քաշմիրի բնակիչների արդարացի պայքարին,- ընդգծել է գեներալը:- Մենք պատրաստ ենք ցանկացած գործողության մեր պարտավորությունները կատարելու համար»:

Ավելի վաղ Պակիստանի վարչպետ Իմրան Խանը հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից Ջամուի եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկումը կբերի տարածաշրջանի խաղաղության ու կայունության կործանման: Իր հերթին Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ջամուի եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակը չեղարկելու Հնդկաստանի կառավարության որոշումը, կարգավիճակ, որն ամրագրված է Հնդկաստանի Սահմանադրության 370-րդ հոդվածում:

«Պակիստանը վճռականորեն դատապարտում է Ջամուի եւ Քաշմիրի նահանգի վերաբերյալ Հնդկաստանի կառավարության հայտարարությունը,-ասված է հաղորդագրության մեջ:-Ինչպես հետեւում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւից, Նյու Դելիի ոչ մի գործողություն չի կարող փոխել այդ վիճելի տարածաշրջանի կարգավիճակը: Իսլամաբադը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի այդ անօրինական գործողությունները կասեցնելու համար: Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել Է Սահմանադրության 370 հոդվածը չեղարկելու որոշման մասին, որը հատուկ կարգավիճակով է օժտում Ջամուի եւ Քաշմիրի նահանգը:

Ինչպես խորհրդարանում հայտնել է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը, Ջամուի եւ Քաշմիրի կառուցվածքը պետք է վերակազմվի: Կառավարության առաջարկության համաձայն, Ջամուն եւ Քաշմիրը կորցնում է նահանգի կարգավիճակը եւ դառնում միութենական տարածք (ավելի քիչ իրավունքներ ունի, քան նահանգը), նրանից անջատվում է Լադաքհ պատմական մարզը, որը նույնպես դառնում է միութենական տարածք: Նաեւ այլ փոփոխություններ են սպասվում Քաշմիրի կարգավիճակի եւ կառավարման ոլորտում: Ընդսմին Ջամուն եւ Քաշմիրը կպահպանի իր օրենսդիր մարմինը:

Ջամուում եւ Քաշմիրում՝ Հնդկաստանի միակ նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները, ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս նրա անկախության կամ Պակիստանին միանալու օգտին: Ընդսմին Քաշմիրում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ չկա պաշտոնական սահման. երկու պետությունների բանակներին բաժանում է հսկիչ գիծը: Նյու Դելին Պակիստանի իշխանություններին մեղադրում է զինված անջատականներին աջակցելու մեջ: Իսլամաբադն այդ մեղադրանքները մերժում է, հայտարարելով, որ Քաշմիրի բնակիչներն ինքնուրույն են պայքարում իրենց իրավունքների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել