Տարիներ ի վեր մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ձևավորել ենք իշխանություններ՝ ելնելով մեր նեղ անձնային նպատակներիից, ինչը շատ բնական է գրեթե բոլոր պետությունների համար։ Այսինքն, գնալով ընտրությունների, կամ մասնակցելով հանրահավաքների, մենք հետապնդել ենք ոչ թե պետականությունը ամրապնդելու գաղափարախոսություն, այլ առաջնորդվել ենք այս կամ այն քաղաքական ուժի կողմից հռչակված կոնկրետ մեզ վերաբերվող կետերով։ Որպես օրինակ կարող ենք նշել աշխատավարձի բարձրացման խոստումը, բնական գազի գնի նվազեցումը, վարկերի ներումը, հարկային բեռի թեթևացումը և այլն։ Սակայն այս մոտեցմամբ ընտրությունների գնալը իսկզբանե հակասում է պետականություն ամրապնդելու գաղափարախոսությանը, քանզի մենք գնահատում ենք ոչ թե տվյալ քաղաքական թմի լուրջ արտաքին և ներքին քաղաքականություն վարելու հմտությունները, այլ փորձում ենք գտնել առավել ականջահաճո խոստումները։ Այսպիսով մենք անխուսափելիորեն անընդհատ դառնալու ենք էժանագին պոպուլիզմի զոհ։ Ընտրություններից մի քանի տարի անց կրկին գնալու ենք ընտրելու և կրկին փորձելու ենք տեսնել թե ով է ավելի ճոխ խոստումներ տալի և այսպես շարունակ։ 
Բայց համաձայնվեք, որ սա ճանապարհ է, որը տանում է տոտալ կործանման։ Մենք որպես ընտրողներ չենք դնում մեր իշխանությունների դեմը շատ ավելի կարևոր առաքելություն՝ պետականության պահպանում և ամրապնդում, որն իրականության մեջ շատ հեռու է մեր նեղ անձնական շահերից։ Ավելի պարզ ասած՝ էժան գազը լավ է, բայց լավ է այն դեպքում, եթե պետությունդ գոյություն ունի։ 
Ավելի լավ օրինակ է անցյալ տարի տեղի ունեցած քաղաքական վերադասավորումները։ Ի՞նչ նպատակ էին հետապնդում հանրահավաքների մասնակիցների գերակշիռ մասը. Աշխատավարձի բարձրացում, նոր աշխատատեղերի ստեղծում, գազի գնի իջեցում, տեսանկարող սարքերի վերացում և այլն։ Իսկ մեկ տարի անց, ի՞նչ ստացան այս մարդիկ։ 
Փաստորեն ստացվում է, որ միակ գործող օրինական պատիժը ժողովրդին խաբելու կամ մոլորեցնելու համար դա հերթական ընտրություններում պարտությունն է։ Այսինքն կարող ես խաբել, մոլորեցնել և 4 տարի վայելել իշխանության ամբողջ բերկրանքն և դրանից հետո անպատիժ հեռանալ։ Բայց արդյո՞ք մենք որպես երկիր ունենք այդքան խաբվելու ժամանակ։ 
Արդյո՞ք սա է ժամանակակից պետություն ունենալու ճիշտ մոդելը։ 
Այս խնդիրը այսօր դառնում է շատ արդիական գրեթե բոլոր այսպես կոչված դեմոկրատական պետություններում։ Մենք ականատեսն ենք լինում մի շարք երկրներում պոպուլիստների հաղթանակներին։ Սա իր հերթին նշանակում է, որ այս խնդրով անխուսափելիորեն սկսելու են նաև զբաղվել այլ երկրներում։ 
Մենք չունենք այլընտրանք քան սկսել իրոք մտահոգվել պետականության հարցերով, մեր երկրի ապագայի հարցերով և մի կողմ դնենք բոլոր նեղ անձնական շահերը։ Ինքնագիտակցությունը պետք է հասնի այն մակարդակին, որ մենք գերադասենք ճշմարտությունը քաղցր ստից։ 
Կարծում եմ, որ այս ամենը թողնել միայն մարդկանց ուսերին սխալ է, քանզի որոշ դեպքերում իրոք բավականին բարդ է տարանջատել պոպուլիզմը իրականությունից։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ նոր օրենսդրական մեխանիզմների ներդնումը Հայաստանում։ Մեխանիզմներ, որոնց շնորհիվ խոստումները չիրականացնող քաղաքական մեծամասնությունը օրենքի ուժով վաղաժամ կհեռացվի։ Ւշխանափոխությունը չի կարող անընդհատ տեղի ունենալ փողոցի միջոցով, քանզի այդ ճանապարհը կրկին տանելու է ինքնաոչնչացման։ 
Ի վերջո, չես կարող անպատիժ խաբել մի ողջ ժողովրդի։ 
Որպես խնդրի լուծման մեկ այլ տարբերակ կարող է քննարկվել նաև Մերիտոկրատիայի (արժանիների իշխանություն) սկզբունքների կիրառումը։ 
Այս գրառումս ուղղակի քննարկումները սկսելու կոչ է ողջ քաղաքական հանրությանը։ Այսպես շարունակելու դեպքում մենք կրկին և կրկին հայտնվելու ենք նույն ծուղակային իրավիճակներում՝ հետզհետե կորցնելով մեր պետականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել