168.am-ը գրում է.

Ռուսաստանի մայրաքաղաքի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում բռնկված զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են։ Մոսկվայի բնակիչները վրդովված են, քանի որ սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի խորհրդարանական ընտրություններում ինքնառաջադրված անկախ և ընդդիմադիր թեկնածուների գրանցումը մերժվել է։

Արդեն 2 շաբաթ շարունակվող քաղաքացիական շարժման գլխավոր պահանջն է, որպեսզի իշխանությունը գրանցի ընդդիմադիր թեկնածուներին և թույլ տա նրանց մասնակցել Մոսկվայի խորհրդարանական ընտրություններին՝ համարելով իր թեկնածուներին, մասնավորապես՝ Իվան Ժդանովին չգրանցելն անազնիվ քայլ։

ՌԴ Ընտրական հանձնաժողովը մերժել էր ընդդիմադիր անկախ թեկնածուներին գրանցել, քանի որ, պաշտոնական եզրակացության համաձայն, նրանց ներկայացրած ստորագրությունների մեջ անվավեր ստորագրությունների թիվը գերազանցել էր թույլատրված շեմը։

Ըստ ՌԴ համապատասխան օրենքի՝ ինքնառաջադրված թեկնածուները պարտավոր էին 2 շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց թեկնածությունը պաշտպանող 30 հազար ստորագրություն, ինչն էլ անկախ թեկնածուներն արել էին, չնայած արձակուրդային սեզոնին նման մեծաթիվ ստորագրություններ հավաքելու բարդությանը և սեղմ ժամկետներին։

Անկախ և ընդդիմադիր թեկնածուների համար այլ խոչընդոտներ ևս պատրաստվել էին․ ԸՀ-ն փորձել էր սխալներ գտնել թեկնածուների, նրանց սատարող անձանց անձնագրերում, անուն-ազգանուններում։

Հանձնաժողովի որոշումը բողոքարկող բոլոր հայցերը մերժվել էին, հանձնաժողովը նաև չէր ընդունել այն քաղաքացիների բողոքները, ում ստորագրություններն անվավեր էին ճանաչվել, չնայած այն հանգամանքին, որ նրանցից շատերն անձամբ էին ներկայացել հանձնաժողով՝ ստորագրությունների իրականությունն ապացուցելու նպատակով։

Ի դեպ, այս ամենի հետ մեկտեղ՝ «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախկինում ակտիվ որոշ անդամներ հանկարծակիորեն որոշել էին ինքնառաջադրվել, փորձելով դիրքավորվել՝ որպես ընդդիմադիր թեկնածուներ, որոնց դեպքում ԸՀ-ն որևէ խոչընդոտ չէր հարուցել, ավելին, «կանաչ լույս էր վառել»։ Մոսկվացիներին փողոց է դուրս բերել իշխանության այս և նախկինում քաղաքային իշխանության ընտրություններում արված ընտրախախտումները։ Ավելին, Մոսկվայի ներկայիս քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դրածոն, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ Սոբյանինը չպետք է լինի Մոսկվայի քաղաքապետ, քանի որ Մոսկվա է եկել Տյումենից և բնիկ մոսկվացի չէ։

168am-ի մոսկովյան լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, անցյալ տարի Սոբյանինը թույլ չի տվել այլ ընդդիմադիր թեկնածուների առաջադրումը, որի շնորհիվ վերընտրվեց քաղաքի ղեկավարի պաշտոնում։

«2014 թվականին Սոբյանինի հետ այդ պաշտոնը ստանձնելու համար մրցակցում էր Ալեքսեյ Նավալնին, ում աջակցում էր մոսկովյան ողջ մտավորականությունը, և եթե չլինեին իշխանության «խաղերը», ապա Նավալնին կստանձներ քաղաքապետի պաշտոնը։ Ներկայումս Սոբյանինը փորձում է ձևացնել, թե սա միայն Մոսկվայի խնդիրը չէ, այլ ողջ Ռուսաստանի: Այսինքն՝ մարդիկ դժգոհ են իշխանությունից։ Նախագահի աշխատակազմը նշեց, որ Սոբյանինն ինքը պետք է լուծի այս հարցը, որ հենց նա է մոսկվացիների զայրույթի պատճառը, ոչ թե նախագահն ու Կառավարությունը։

Սոբյանինին հասկացրին նաև, որ աշխատակազմում այլևս տեղ չի ունենալու, և քաղաքապետի պաշտոնը կդառնա նրա կարիերայի վերջին բարձրաստիճան հանգրվանը։ Շաբաթ օրը Ոստիկանություն է տեղափոխվել 600 ցուցարար, նախորդ շաբաթ օրը՝ 1500։ Որևէ լուրջ քաղաքական փոփոխության այս ամենը ներկայիս փուլում չի հանգեցնի, չնայած ինչ-որ կերպ թեկնածուներին կթույլատրեն մասնակցել ընտրություններին։ Բայց սա հեղաշրջում, հեղափոխություն չէ։

Բայց սա ցուցիչ է, որ ժողովուրդը սկսում է «եռալ», ինչը կբռնկվի մի փոքր ավելի ուշ։ Հասարակությունը սկսում է փոխվել։ Մոսկվան ողջ Ռուսաստանի քաղաքական պրոցեսները թելադրող քաղաքն է, և եթե Մոսկվան որոշեց իսկապես դուրս գալ պայքարի, ողջ Ռուսաստանը կտանի իր ետևից, բայց Մոսկվայում դեռ հիշում են 1990-ական թթ. իրադարձությունները, էլիտան վախենում է քաղաքացիական պատերազմից՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ընդհանրապես չկա որևէ ընդդիմադիր առաջնորդ, ում հնարավոր կլիներ աջակցել։

Դա վերաբերում է նաև Ալեքսեյ Նավալնիին, ով հայտնի չէ, թե ում կողմից է ֆինանսավորվում, թեև փորձում է պայքարել կոռուպցիայի դեմ, դիմակազերծելով իշխանությանը։ Նա միակն է, ում ճանաչում են նաև Արևմուտքում, բայց նա մեծ աջակցություն չի վայելում ներկայումս»,- ասաց մեր աղբյուրը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, ըստ մեր աղբյուրի, այն է, որ սա քաղաքային իշխանությունների մեղավորությունն է, և նրանք էլ պետք է խնդիրը լուծեն։

«ՌԴ նախագահն իրապես հավատում է, որ լավ քաղաքականություն է վարում, և եթե հեռանա նախագահի պաշտոնից, Ռուսաստանը կքայքայվի։ Հաշվի առնելով այն, որ մեր չունենք նորմալ ընդդիմադիր գործիչներ, այս դիրքորոշումն այնքան էլ հեռու չէ իրականությունից։ Ռուսաստանում, հաշվի առնելով ազգայնականների, երիտասարդության ու մտավորականության առկայությունը, դժվար է պատկերացնել խաղաղ հեղափոխություն կամ հեղաշրջում, ինչպես եղավ Հայաստանում, այստեղ մեծ է պատերազմի վտանգը։ Հասարակության մեծ մասը նաև սովոր է ավտորիտար կառավարման և բացարձակ չի հասկանում, թե ինչ ասել է՝ ժողովրդավարություն, ուստի այն սցենարները, ինչ եղան այլ հետսովետական երկրներում, այստեղ չեն կարող աշխատել»,- բացատրեց մեր աղբյուրը։

Ու չնայած ակցիաների ընթացքում ուժային կառույցների բիրտ աշխատաոճին, իշխանության ճնշումներին՝ ակտիվիստները ծրագրում են շարունակել պայքարը, և այս ամիս առաջին հավաքը նախատեսված է օգոստոսի 10-ին:

Իսկ Մոսկվայի իշխանություններն արդեն ակնարկում են, որ ցույցը չեն արտոնելու, ինչը նշանակում է, որ հնարավոր են նոր բախումներ և բռնաճնշումներ։

Հայաստանում կա կարծիք, որ մոսկվացիներին ոգեշնչել են հայաստանյան իրադարձությունները։ Ըստ մեր զրուցակցի՝ մոսկովյան իրադարձություններն իրենց տրամաբանությունն ունեն, քանի որ պատճառներն են այլ։

«Սա հեղափոխություն չէ, Մոսկվայում քաղաքային իշխանությունների նկատմամբ բացասական վերաբերմունք կա դեռ վաղուց, ինչպես նշեցի՝ հասարակությունը փոխվում է։ Ռուսաստանում ևս եղել են շարժումներ, երբ հասարակությունն անակնկալի է եկել իշխանությունների որոշումներից, բայց ներկայումս վախեր ևս կան, առաջնորդի բացակայություն, որն այս փուլում թույլ չի տա շարժմանը ծավալվել։ Բայց գործընթացներ կան հասարակության ներսում, իշխանությունն իր տեղում չէ, և ձևավորում են տրամադրություններ, որոնք դուրս կպրծնեն մեծ թափով ապագայում»,- ասաց մեր զրուցակիցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել