168.am-ը գրում է.

Վեդիում ծննդաբերելու պահին մահացած 29-ամյա ծննդկանի ու նրա երեխային մահվան դեպքին մինչ այս պահն Առողջապահության նախարարությունը հրապարակային որևէ արձագանք չի տվել:

Գարդասիլի ու հակածխախոտային արշավում ակտիվ ինքնափիառվող նախարար Արսեն Թորոսյանը հարկ չհամարեց ինքնադրսևորվել մարզային ծննդատանը գրանցված ծննդկանի ու նրա չծնված երեխայի մահացության դեպքից հետո:

Նախարար Թորոսյանը հունվարին գրանցված 19-ամյա ծննդկանի մահվան դեպքից հետո Վեդիում արձանագրված ողբերգական միջադեպը լուրջ ազդակ չհամարեց, չհամարեց իր ղեկավարած ոլորտի ամոթը, և գուցե նաև՝ ինչ-որ առումով իր բացթողումը, որպեսզի գոնե հանդես գար հայտարարությամբ:

Հիշեցնենք, օգոստոսի 2-ին Վեդու ծննդատանն ուրցաձորցի 29-ամյա Քնարիկ Մանուկյանը մահացել էր երրորդ երխայի ծննդաբերությունից հետո: Ինչպես ավելի վաղ գրել էր 168.am-ը, հերթական կոնսուլտացիային գնացած ծննդկանին հերթապահ մանկաբարձ գինեկոլոգը տեղեկացրել է, որ տուն վերադառնալու կարիք չկա, նույն օրը պետք է ծննդաբերի: Հետազոտելիս, հարազատների խոսքով՝ պարզել են, որ պտուղն առողջ է, սակայն պորտալարը փաթաթված է եղել պտղի պարանոցին, բժիշկները չեն շտապել կեսարյան հատում անել, որոշել են այդ օրվա ծննդկաններին հերթով սպասարկել:

Ու մինչ մի քանի ծննդկանի սպասարկել են, Քնարիկ Մանուկյանի պտուղը չծնված մահացել է: Բաժանմունքի վարիչ Աշոտ Խաչատրյանը որոշել է նույնիսկ այդ դեպքում հրաժարվել կեսարյան հատումից՝ մոր արհեստական վիժումն են նախապատրաստել: Մեկ ու կես ժամ մահացած պտուղը մոր արգանդում մնալուց հետո՝ կնոջ մոտ արնահոսություն է սկսվել, ինչն էլ հանգեցրել է ծննդկանի մահվանը:

Նշենք, որ ծննդկանի կյանքը փրկելու համար Վեդուց նաև Երևան է կանչ գրանցվել, ընտանիքի անդամներից արյուն են պահանջել, սակայն երիտասարդ աղջկա կյանքն այդպես էլ չի հաջողվել փրկել:

Ինչո՞ւ է նախարարը լռություն պահպանում, ի՞նչ գնահատական ունի այս դեպքին, արդյո՞ք հանձնարարական է իջեցվել, որպեսզի մահվան ելքով ավարտված ծննդնօգնություն վարած կամ անփութություն դրսևորած մասնագետն այս ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգի ծառայություն չիրականացնի, 168.am-ի այս հարցերին փոխանցած նախարարի պատասխանն անսպասելի սառն էր ու չեզոք՝ հարուցված քրեական գործ կա, սպասում ենք, մինչև իրավապահները մեղավոր անձին կորոշեն:

Հետաքրքրվեցինք նաև՝ մինչ առգրավումը, անկետայի տվյալներով ի՞նչ հետազոտություններ էր անցել Քնարիկ Մանուկյանն այդ օրը և դրանից առաջ. կամ՝ արդյո՞ք պատշաճ կերպով զննվել է (դոպլեր հետազոտություն, արյան անալիզներ, կարդիոգրամմա) մինչ ծննդաբերությունը, արդյո՞ք պորտալարի հետ կապված խնդիրը վերջին օրն է բացահայտվել, թե՞ մինչ այդ դոպլեր հետազոտությունը նույն արդյունքն է ցույց տվել, քանի՞ ժամ է մահացած պտուղը մնացել մոր արգանդում՝ մինչ արհեստական վիժում կազմակերպելը: Այս և այլ հարցերի պատասխանները նախարարությունը հրաժարվեց տալ՝ պատճառաբանելով, թե հարուցված քրեական գործ կա վարույթում, ուստի նախաքննական նյութեր չեն կարող հրապարակել:

«Դեպքի օրը նախարարի հանձնարարականով Վեդու ծննդատուն է շտապ գործուղվել մասնագետների հատուկ խումբը, իրավիճակն արձանագրվել է տեղում, և արձանագրությունն այս պահին նախարարի ձեռքի տակ է, մյուսը հանձնվել է Քննրչական կոմիտեին»,- 168.amի հետ զրույցում այսպես մանրամասնեց նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Ուշագրավն այն է, որ նախարարությունից չեն հերքում, որ Վեդու ծննդատունը տարին մեկ պարբերականությամբ գրեթե նույնացող ձեռագրող չծնված երեխաների կյանք է խորտակում, այստեղ մահվան դեպքերը հաճախակի են արձանագրվում, իսկ պատճառների մասով նախարարությունն այս դեպքով սպասում է իրավական գնահատականին, հետո նոր որոշում կկայացնի:

Փաստորեն, Արսեն Թորոսյանն արձանագրված նախկին դեպքերից հետո, ինչպես պարզ է դառնում, որևէ հետևություն մինչ այս պահը չի արել:

Իսկ ոչ վաղ անցյալում, հիշեցնենք, նույն մարզի ԲԿ-ներում մարզպետ Գարիկ Սարգսյանի քմահաճույքով քաղաքական նկատառումներով արված ղեկավարների պաշտոնանկության դեպքում Արսեն Թորոսյանը խրախուսում էր միայն՝ չքննարկելով մարզից հեռացող մասնագետների հմտություններն ու մասնագիտական արժանիքները և նրանց արդյունավետությունը Վեդու, Արտաշատի և Մասիսի ԲԿ-ում՝ ֆինանսական և ծառայությունների որակի տեսանկյունից:

Սյուզի Բադոյան

Հ.Գ. Միայն մի նկատառում. նախկինում ոլորտը ղեկավարած բոլոր նախարարների օրոք ԲԿ-ներում գրանցված մանկան կամ ծննդկանի մահացության դեպքում մեծ աղմուկ էր բարձրանում,  նախարարը պարզաբանումներ էր տալիս, հրատապ հանձնաժողով էր կազմվում, ուսումնասիրվում էր դեպքը, դա դառնում էր հասարակության, լրատվադաշտի քննարկման թոփ թեման՝ հարցը կարող էր ընդգրկվել ընդհուպ կառավարության օրակարգ, եթե համակարգային խնդիր էր նկատվում:

Սակայն այսօրվա իշխանությունը խառն է «Սևանսամմիթով», Արցախի «Վերածննդի» հրապարակում կայանալիք վարչապետի հավաքով… մյուս հարցերն ածանցյալ են՝ անկախ դրանց կարևորության և հրատապության աստիճանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել