Pastinfo.am-ը գրում է.

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը երեկ՝ օգոստոսի 4-ին, ազատ է արձակվել Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից։ Երեկ լրացել է վերջինիս կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, այդ ժամկետը լրացնելու միջնորդություն չէր ներկայացրել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Վաղարշակ Գևորգյանը կալանքի միջնորդություն չներկայացնելու վերաբերյալ ասաց. «Ապացույցների բավարար զանգված ձեռք չի բերվել, որով կարողանան ապացուցել կամ հիմնավորել, որ այդպիսի դեպք է տեղի ունեցել, որին մասնակից է եղել Գեղամ Պետրոսյանը»։
Փաստաբանը նկատեց, որ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել ոչ միայն կալանավորման, այլև այն մասին իրականության մեջ նման դեպք տեղի ունեցել է, թե ոչ. «Մինչ այս պահն ապացույց, որ նման դեպք է տեղի ունեցել իրականության մեջ, չկա»։

Վաղարշակ Գևորգյանը համոզված է, որ ՀՔԾ-ն կալանքի միջնորդություն չի ներկայացնի. «Եթե կալանքի տակ պահելու ժամկետը երկարեցնելու վերաբերյալ միանգամից միջնորդություն չի ներկայացվել, նշանակում է, որ հետագայում նույնպես նման միջնորդություն չի լինի»,-ասաց փաստաբանը։

Նշենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել