Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ որի՝ «ձերբակալվել և Կոտայքի մարզային ոստիկանության բաժանմունքում ծեծի է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը՝ Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով»: Համացանցում հրապարակվել են նաև ձերբակալվածի մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որոնցում երևում են կարմրավուն հետքեր։

«Տեղեկացնենք, որ օգոստոսի 2-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում արդարադատությանը խոչընդոտելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում օգոստոսի 3-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները այցելել էին Աբովյանում ապրող 54-ամյա մի տղամարդու բնակության հասցե` նրան հիշյալ քրեական գործով որպես կասկածյալ բերման ենթարկելու համար։

Տղամարդը դրսևորել էր ոչ իրավաչափ վարքագիծ ու չէր ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, ուստի ոստիկանները ստիպված ֆիզիկական ուժ էին կիրառել և հիշյալ տղամարդուն բերման ենթարկել բաժին։

Փաստաբանին հիշեցնենք «Ոստիկանության մասին ՀՀ օրենքի» 30-րդ հոդվածի բովանդակությունը, որը վերաբերվում է ֆիզիկական ուժի գործադրմանը։ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում ոստիկանության ծառայողն իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ:

Հետևաբար ոստիկանության ծառայողները գործել են իրավաչափ և բերման ենթարկվողի գործողություններին համաչափ ուժ են կրառել։ Ընդ որում, ֆիզիկական ուժ կիրառվել է բացառապես նրան մեքենա նստեցնելիս և մեքենայից ոստիկանության Կոտայքի բաժին մտցնելիս։ Տեսագրությունում ակնհայտ երևում է, որ առանց ուժի կիրառման ոստիկանության ծառայողները չէին կարող կատարել օրենքով իրենց վերապահված պարտականությունը։

Ձերբակալվածի մարմնին առկա կարմրավուն հետքերի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և միայն փորձաքննության եզրակությամբ պարզ կլինի դրանց առաջացման պատճառները, ուստի նախապես անհիմն հայտարարություններ անելն իրավաբանին, մեղմ ասած՝ հարիր չէ, հատկապես, երբ բերման ենթարկելու տեսագրությունը վկայում է հակառակի մասին»,- գրված է ոստիկանության հայտարարությունում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել