Hraparak.am-ը գրում է.

Հետհեղափոխական Հայաստանում «Հյուսիս-հարավի» շինարարությունը գրեթե կանգ է առել: Եթե մեկ տարի առաջ Երևան-Գյումրի հատվածի տրանշներում բավականին ակտիվ էին ընթանում շինարարական աշխատանքները, ապա այսօր տեսնում ենք, որ գրեթե պարապուրդի մատնված վիճակ է: Ամբողջ ճանապարհին ընդամենը մեկ-երկու տեղ կարելի է նկատել աշխատող տեխնիկա, այն էլ հիմնականում Լանջիկ-Գյումրի հատվածում (Տրանշ 3), որը հանձնված է չինական Սինոհիդրո ընկերությանը: Մեզ ասացին, որ շինաշխատանքների կանգնեցման հիմնական պատճառը թղթաբանությունն է, որը «նոր Հայաստանում», չգիտես ինչու, սկսել է շատ դանդաղել, հողհատկացումների գործընթացը ձգձվում է: Բանն այն է, որ ճանապարհն անցնում է համայնքներին ու անհատներին պատկանող հողերի միջով, որոնք պետք է օտարվեն, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության համար, սակայն տարբեր պատճառներով այդ հողհատկացումները չեն իրականանում, և հիմա, ինչպես հաակացանք, նույնիսկ դատական գործընթացներ կան որոշ դեպքերում: Այս ամենի արդյունքում գրեթե կանգ է առել կամ շինարարությունը Տրանշ 3 հատվածում, քանի որ «Սինոհիդրո» ընկերությունն ուղղակի ֆրոնտ չունի աշխատելու, և աշխատում է այն հատվածում, որտեղ նման տեխնիկական խնդիրներ դեռևս չկան: Հատվածներ էլ կան, որտեղ աշխատանների ընթացքում դամբարաններ են հայտնաբերել, որի արդյունքում ստիպված են փոխել ճանապարհն ու նոր նախագիծ կազմել, ինչն էլ իր հերթին է բարդացնում իրավիճակը:

Առավել բարդ է, սակայն, Տրանշ- 2-ում (Աշտարակ-Թալին հատված), որտեղ կապալառուն իսպանական «Կորսան-Կորվիամ» ընկերութանը: Այս ընկերության դեմ քրեական գործ է հարուցված չարաշահումների համար, ենթակապալառու ընկերություններն առանձին են դժգոհում, շինարարներն՝ առանձին, որ իրենք երկար ճամանակ է՝ աշխատավարձ չեն ստացել, վերջերս անգամ ճանապարհ էին փակել, կառավարությունն էլ չի կարողանում խնդրին լուծում տալ, քանզի այս ճաշը եփվել է նախկիների օրոք, հիմա էլ նոր երանգներ է ստանում: Ուստի Աստված գիտե, թե երբ այս թնջուկը կհանգուցալուծվի և երբ մենք կտեսնենք այսքան չարչարված «Հյուսիս-հարավը»՝ վերջնական կառուցված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել