Շուրթերը կարող են չորանալ վիտամինների պակասից, նաև շրթներկից, եթե դուք ալերգիկ եք: Կան միջոցներ, որոնք կօգնեն ձեզ վերականգնել և պահպանել ձեր շուրթերի գեղեցկությունը:

Չորացած շուրթերին առավոտյան թթվասեր քսեք, որը բավականաչափ յուղ է պարունակում անբարենպաստ եղանակից շուրթերը պահպանելու համար։ Իսկ երեկոյան շատ օգտակար է մեղր քսելը, որը վերականգնում է մաշկի բջիջները և ոչնչացնում մանրէները, որոնք կարող են ճաքճքած մաշկից ներս թափանցել։

Փափուկ մերսումը հրաշալի վերականգնողական միջոց է։ Դրա համար ատամի փափուկ խոզանակ վերցրեք և եղեսպակի (шалфей) քսուքով մերսեք շուրթերը։

Շատ օգտակար է նաև խնձորը: Խնձորի կեղևը մաքրել, անցկացնել քերիչով, ավելացնել ձիթապտղի կամ այլ ձեթ 1:1 հարաբերությամբ: Խառնուրդը քսել շուրթերին, թողնել 10 րոպե, ապա անձեռոցիկով սրբել և հիգիենիկ շրթներկ քսել:

Դիմահարդարումը պետք է նուրբ լինի և ոչ շատ արտահայտիչ, որպեսզի բնական երևա: Շուրթերի բնական գծից դուրս ընդգծված եզրագիծը, թեև տեսողական առումով դրանք լայնացնում է, բայց միշտ էլ նկատելի է լինում նկարված լինելը։ Այդ սխալն ուղղելու համար առաջին հերթին պետք է եզրագծի համար բաց գույնի մատիտ ու նաև բաց երանգի շրթներկ օգտագործել։ Մուգ շրթներկի դեպքում կենտրոնում համեմատաբար բաց գույնի փայլ քսեք տեսողական առումով շուրթերը հաստացնելու համար։ Փայլն ավելի լավ է մատով քսել։ Բայց չորացած շուրթերի դեպքում դա խորհուրդ չի տրվում, քանի որ ճաքերն ավելի են ընդգծվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել