2020 թվականին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից ուժեղագույն թեկնածուն կլիներ ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի տիկինը: Նման վստահություն է հայտնել ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մուրը օգոստոսի 1-ին MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մեզ հարկավոր է մի թեկնածու, որին սիրում են ամերիկացիները, եւ որը քաղաքական շրջանակների մաս չէ»,- նշել է Մուրը, որն աջակցում է դեմոկրատների կուսակցությանը եւ մշտապես քննադատում է Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփին: Ռեժիսորը հայտնել է, որ, իր կարծիքով, առաջիկա ընտրություններում Թրամփից ավելի շատ ձայներ կարող են հավաքել մի քանի քաղաքական գործիչներ, որոնք այժմ հավակնում են նախագահի թեկնածու առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից: Դրա հետ մեկտեղ ռեժիսորն ընդգծել է, որ ավելի մեծ թվով ձայներ ստանալը թեկնածուին հաղթանակ չի երաշխավորում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, քանի որ դրանք ուղղակի չեն, իսկ վերջին խոսքը պատկանում է քվեատուների կոլեգիային:

«Եթե մենք ընտրարշավն անցկացնենք այնպես, ինչպես անցյալ անգամ, մենք կպարտվենք,- ասել է Մուրը:- Հիլարին 3 միլիոնով ավելի ձայն էր ստացել, քան Թրամփը: Հաջորդ տարի դեմոկրատը 5 միլիոնով ավելի ձայն կհավաքի եւ, այդուամենայնիվ, կարող է պարտվել քվեատուների կոլեգիայի պատճառով»,- հավելել է նա: Ինչպես կարծում է ռեժիսորը, Թրամփի նկատմամբ հաղթանակ տանելու համար դեմոկրատներից թեկնածուն պետք է ունենա ձայների էլ ավելի տպավորիչ գերակշռություն: «Կա մեկը, ով կարող է ջախջախել Թրամփին, նա դեռեւս չի հայտարարել (ընտրություններին) իր մասնակցության մասին»,-ասել է Մուրը:

Ինչպես նա պարզաբանել է, խոսքը Միշել Օբամայի մասին է: Ռեժիսորը վստահ է, որ նա մեծ ժողովրդականություն է վայելում երկրում, իսկ նրա հանրային ելույթների ժամանակ հսկայական բազմություններ են հավաքվում: «Նա կհաղթի բանավեճերում, Թրամփը չի կարողանա նրան վախեցնել, չի կարողանա նրա համար մականուն հնարել»,- ասել է Մուրը: Ռեժիսորը վստահություն է հայտնել, որ եթե դեմոկրատներն ընտրություններին մասնակցելու խնդրանքով դիմեն նախկին առաջին տիկնոջը, նա չի կարողանա մերժել:

Մայքլ Մուրն ամերիկացի ամենահայտնի դոկումենտալիստ-ռեժիսորներից մեկն է: Նրա աշխատանքների թվում են՝ «Ֆարենհեյթ 9/11»-ը (2004 թ.) եւ «Բոուլինգ՝ Կոլումբինայի համար» (2002 թ.) ֆիլմերը: Մուրը մի շարք հեղինակավոր պարգեւների դափնեկիր է, այդ թվում՝ «Օսկար» եւ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել