Ինդոնեզիայի կառավարությունը հաստատել է հանրապետության մայրաքաղաքը Ջակարտայից Կալիմանտան կղզի տեղափոխելու պլանը: Այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել է The Star պարբերականը:

«Նոր մայրաքաղաքը կհայտնվի Կալիմանտան կղզում,- հայտնել է Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարար Բամբանգ Բրոջոնեգորոն:- Թե կղզու որ նահանգում կսկսվի շինարարությունը, կհայտարարվի ավելի ուշ»: Ինդոնեզիայի իշխանությունները մայրաքաղաքի տեղափոխման նախագիծը գնահատել են 32,5 մլրդ դոլար: Շինարարության սկիզբը պլանավորված է 2021 թվականին:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ապրիլի վերջին առաջարկել էր մայրաքաղաքը տեղափոխել Ջակարտայի հնացած ենթակառուցվածքի պատճառով: Uber ընկերության ուսումնասիրության համաձայն՝ այս քաղաքում ավտովարորդները տարեկան 22 օր անցկացնում են խցանումների մեջ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Ասիայում: Բացի այդ՝ Inrix ընկերության զեկույցի համաձայն՝ Ինդոնեզիայի ներկայիս մայրաքաղաքը 12-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի առավել ծանրաբեռնված մեգապոլիսների վարկանիշում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել