Armenpress.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ն (Ստամբուլի կոնվենցիա) համարում է կառավարության կողմից մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործիքներից մեկը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանը հայտնեց օգոստոսի 2-ին հրավիրված քննարկման ընթացքում:

«Այս կառավարությունն իր ծրագրում, և ընդհանրապես քաղաքական ուժն իր կոնցեպտի մեջ շատ հիմնարար ձևով դրել է մարդու իրավունքների պաշտպանությունը, և, մասնավորապես, բռնությունից զերծ, բռնությունից ազատ հասարակություն կառուցելու այս մանիֆեստացիան: Կառավարության ծրագրում նման դրույթների ամրագրումը իր որոշակի արտահայտությունը պետք է գտներ գործողությունների տեսքով: Այսօրվա քննարկվող կոնվենցիան այդ գործողություններից ընդամենը մեկն է, որովհետև կառավարության մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը շատ ավելի լայն է, շատ ավելի այլ միջազգային գործիքակազմեր է ներառում, նաև ներպետական օրենսդրության փոփոխություններ է ներառում»,- նշեց Գրիգորյանը:

Փոխնախարարի խոսքով` կոնվենցիան չվավերացնելն անազնիվ կլինի միջազգային գործընկերների և հայ հասարակության նկատմամբ:

«Երկիրը ստորագրել է 2018 թ. կոնվենցիան, սա քաղաքական հանձնառություն է այս գործիքը վերցնելու և օգտագործելու, և հիմա մենք վավերացման գործընթացի մեջ ենք գտնվում, և ասել, որ ուղղակի մենք ստորագրել ենք, որպեսզի հետո չվավերացնենք, առնվազն ազնիվ չէ մեր միջազգային գործընկերների և մեր հասարակության նկատմամբ»,- ասաց նախարարի տեղակալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել