168.am-ը գրում է.

«Արցախում ակտիվ քաղաքական շրջան է, և, առհասարակ, բոլորիս պարտքն է, որպեսզի պահպանվի կայունությունն ու խաղաղությունը, օրենքն ու սահմանադրական կարգը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը:

Վ. Բալասանյանը մասնավորապես նշել էր, որ ոչ ոք իրավունք չունի մարտահրավերները խառնել ու քաղաքացիական նախաձեռնությունների տակ առաջ մղել սեփական քաղաքական ամբիցիաները՝ փորձելով խաթարել ներքին միասնականությունը:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես և իմ գաղափարակից ընկերները դա թույլ չենք տալու և, անհրաժեշտության դեպքում, դիմելու ենք կոշտ միջոցների: Հանուն ներքին կայունության ապահովման՝ մենք մինչև վերջ կանգնելու ենք իշխանության և պետականության կողքին: Արցախում քաղաքական բոլոր պրոցեսները պետք է ուղղված լինեն լեգիտիմ իշխանության ձևավորմանը, որի համար լավագույն միջոցը կարող են հանդիսանալ միայն ազատ, արդար և հավասար պայմաններով կազմակերպված ընտրությունները»,- գրել էր Վ. Բալասանյանը:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախում ակտիվ ժամանակահատված է, քաղաքական ուժերը մրցում են միմյանց հետ, ինչն ըստ նրա՝ ժողովրդավարական պետություններին բնորոշ երևույթ է.

«Արցախը ժողովրդավարական երկիր է, առողջ մրցակցություն ու թեժ պայքար պետք է լինի, բայց օրենքի շրջանակներում: Բոլորիս պարտքն է՝ պահպանել օրենքը: Մեզ մոտ չպետք է լինեն ո՛չ արտոնյալներ, ո՛չ թշվառներ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու անցած ուղուց»:

Հետաքրքրվեցինք՝ այս պահին ինչ-որ անհանգստություններ, ներքին խժդժություններ կա՞ն Արցախում, ինչի մասին, ըստ էության, ակնարկում է Վիտալի Բալասանյանը:

Ի պատասխան՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ այս պահին Արցախում իրավիճակը կայուն է. «Այս պահին որևէ վտանգ չեմ տեսնում. ակտիվ ժամանակահատված է, բավականին թեժ մրցակցություն է բոլոր քաղաքական ուժերի միջև, ինչը բնական է, բայց դեռևս տագնապային երևույթներ չկան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել