Tert.am-ը գրում է.

Tert.am–ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է օտարերկրյա ներդրումներին։ Հեղինակը նշում է, որ Հայաստանի պարագայում պոտենցիալ ներդրումներ կարելի է ակնկալել Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև՝ արաբական երկրներից։ Դրանք խիստ տարբեր ուղղություններ են և պահանջում են աշխատանքի տարբերակված մոտեցումեր։ Ըստ նրա՝ կարելի է նաև ներդրումներ ակնկալել Չինաստանից։ Սակայն այս դեպքում, որպես կանոն, ներդրողները պահանջելու են կառավարության երաշխիքները, ինչը համարյա նույնն է, ինչ պետության կողմից ֆինանսների ներգրավումն ու համապատասխանաբար պետական պարտքի ավելացումը։ Արմեն Գևորգյանը նաև նշում է, որ հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին ու Քուվեյթին, և կիսվում իր պատկերացումներով այս երկրների ներդրողների մասին։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

2018թ․-ի  իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակն անհրաժեշտություն է առաջացնում  վերլուծելու տնտեսության մեջ ներդրումների հնարավոր աղբյուրները՝ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից։ Շատերին թվում էր, որ երկրում օտարերկրյա ներդրումների բուռն ներհոսք կլինի, իսկ կառավարությունը նույնիսկ ստիպված կլինի ընտրություն կատարել ներդրողների միջև։ Սա քաղաքական փոփոխությունների առաջին ամիսների մթնոլորտն էր։  Սակայն դա տեղի չունեցավ։ Դա տեղի չունեցավ նաև խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա տեղի չի ունենա նաև առաջիկայում, եթե․․․

Որպես կարևոր սկիզբ մենք պարտավոր ենք հասկանալ, որ մեր նման երկրներում ներդրումները մեծ հոսքերով չեն գալիս, նույնիսկ հեղափոխություններից հետո։ Նրանց պետք է գայթակղել, համառորեն հրավիրել, հրապուրել։ Ամենայն հավանականությամբ Հայաստանի նոր կառավարությունը ենթադրում էր, որ Սաակաշվիլիի Վրաստանի օրինակով  Հայաստանը նույնպես կողողեն ֆինանսական միջոցներով և ներդրումային նախագծերով։ Մեր հարևան երկրի դեպքում ներդրումները խիստ աշխարհաքաղաքական բնույթ են կրել։ Իսկ վերջին տարիների ներքաղաքական փոփոխությունները նախկին խորհրդային երկրներում՝ Ուկրաինայում, Մոլդովայում, Ղրղզստանում, ապացուցեցին լրիվ հակառակը, այդ պետություններում հնարավոր ներդրումների համար արգելակներ դարձան  անկայուն քաղաքական միջավայրն ու չափից ավելի հեղափոխական ձգտումների առկայությունը։ Մասնավոր, քաղաքականության հետ չկապակցված փողերը սիրում են անվտանգ միջավայր, դրանք չափազանց զգայուն են։ Այդ իսկ պատճառով միշտ հարկավոր է հարց տալ․ ինչո՞ւ օտարերկրյա ներդրողը, ով հայ չէ, պետք է իր միջոցները ներդնի Հայաստանում և ոչ թե, ասենք, Արևելյան Եվրոպայի կամ Հարավարևելյան Ասիայի այս կամ այն երկրում։ Ո՞րն է մեր երկրի մրցակցային առավելությունը։ Շատ հաճախ է հնչում նաև հետևյալը՝ աշխարհում բավականին շատ են հայկական ծագմամբ կայացած և հաջողակ գործարարները, իսկ ինչո՞ւ նրանք բիզնես ներդրումներ չեն կատարում  այսօր իրենց պատմական հայրենիքում։              

Այս փուլում, առայժմ, ըստ պաշտոնական վիճակագրության և հրապարակումների, մենք ստիպված ենք բավարարվել ներքին ռեսուրսներով և արտաքին պետական պարտքի ներգրավմամբ։ Արդեն իսկ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը մեզ խոստացել են տրամադրել ոչ ավել, ոչ պակաս՝ 750 մլն դոլար։ Սա ենթադրում է աստիճանաբար համակերպում այն իրավիճակի հետ, երբ ուղղակի ներդրումների վրա հույս դնել չի կարելի և ստիպված պետք է մեծացնել պետական պարտքի բեռը։ Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ մասնավոր ներդրումներն ուղղակի արդյունք են ապահովում․ դրանք  իրական փողեր են, կոնկրետ աշխատատեղեր, լրացուցիչ ուղղակի մուտքեր դեպի տարբեր մակարդակի բյուջեներ։

Ուրեմն պետք է մտածել և գործել շատ ավելի համակարգված, հասկանալով որտեղից ինչ ակնկալիքներ են հնարավոր։ Ներդրումներ բերելը ահռելի բարդ գործ է՝ պահանջում է իսկապես համակարգված և գրագետ աշխատանք։ Այստեղ զգացմունքային դրսևորումները, անհիմն ակնկալիքները, արագ արդյունքի  ձգտումը ուղղակի անտեղի են և կվնասեն գործին։ Գրագետ, համառ և համբերատար աշխատանք է պետք։ Սա ասում է մի մարդ, ով երկար տարիներ աշխատել է այդ ուղղությամբ և կարողացել է մեր պետության համար որոշակի  արդյունքներ ապահովել։         

Մեր պարագայում պոտենցիալ ներդրումներ կարելի է ակնկալել Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև՝ արաբական երկրներից։ Դրանք խիստ տարբեր ուղղություններ են և պահանջում են աշխատանքի  տարբերակված մոտեցումեր։ Առաջին երեք դեպքերում ներդրումները մեծ մասամբ կրում են ծայրահեղ հայրենասիրական կամ խիստ պրագմատիկ բնույթ, քանի որ նման ցանկություն ունեցողները հիմնականում կամ հայկական ծագում ունեն կամ կապված են հայկական շրջանակների հետ կամ էլ,  ժողովրդական լեզվով ասած,  «չոր բիզնեսմեններ» են։

Կարելի է նաև ներդրումներ ակնկալել Չինաստանից։ Սակայն այս դեպքում, որպես կանոն, ներդրողները պահանջելու են կառավարության երաշխիքները, ինչը համարյա նույնն է, ինչ  պետության կողմից ֆինանսների ներգրավումն ու համապատասխանաբար պետական պարտքի ավելացումը։ Այս մոտեցումը չի ողջունվի միջազգային ֆինանսական կազմակերպությունների մեր գործընկերների կողմից։

Արաբ ներդրողները, ունենալով պրագմատիկ և գործնական բնավորություն, մեծ կարևորություն են տալիս զգացմունքային բաղադրիչին, նրանց համար հատկապես կարևոր է բանակցությունների գործընթացը, գործընկերների հետ շփումները, ներդրողի նկատմամբ վերաբերմունքն ու ուշադրությունը։ Արաբական երկրներ ասելով, առաջին հերթին նկատի ունենք Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարն ու Քուվեյթը, մասամբ նաև՝ Լիբանանը։

Ի դեպ, հենց այս տարածաշրջանի՝ հատկապես Էմիրությունների ներկայացուցիչներն են Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո վրացական տնտեսության մեջ կատարել առաջին ներդրումները և այսօր էլ շարունակում են ներդրումներ կատարել, այդ թվում՝ ունենալով արևմտյան ազդեցության կենտրոնների երաշխիքներն այդ ներդրումների անձեռնմխելիության և երկարատևության մասով։

Փորձեմ կիսվել իմ որոշ պատկերացումներով, թե ինչու է հարկավոր առանձնահատուկ ուշադրություն դարձնել Ծոցի այս երեք երկրների վրա՝ ելնելով ինչպես այդ երկրների պետական էլիտայի, այնպես էլ գործարար համայնքի հետ աշխատանքի իմ երկարամյա փորձից։

1. Արաբական մասնավոր ներդրումների առավելությունն այն է, որ այն միանգամից «երեքը մեկում» է։

- Պոտենցիալ ներդրողների մոտ սեփական ֆինանսական միջոցների առկայությունը, այլ կերպ ասած՝ «փող կա»,

-Արաբ ներդրողը, սկսելով նախագիծը, անպայման կբերի համապատասխան ոլորտի նոր տեխնոլոգիաներ,

- Արաբ ներդրողը Հայաստանում անձամբ ինքը չի զբաղվի բիզնեսով, այլ կներգրավի բարձր որակավորում ունեցող կառավարիչների թիմ։

Այսպիսով` ստացվում է երեքը՝ մեկում․ ֆինանսներ+տեխնոլոգիաներ+կադրեր։

Վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ այլ տարածաշրջաններից եկող ներդրումների պարագայում, որպես կանոն, բացակայում են վերոնշյալ բաղադրիչներից մեկը կամ երկուսը։

2. Ինչո՞ւմ է կայանում փոխադարձ շահն ու ստեղծված առավելությունը։ 

· Ծոցի երկրները կարող են դառնալ հայկական ապրանքների (բացի ալկոհոլից)  սպառման պոտենցիալ նոր շուկաներ, ինչը կնվազեցնի մեր արտադրողների կախվածությունը ավանդական շուկաներից, ինչպես նաև հնարավորություն կտա ընդարձակել արտադրական հզորությունները։

· ՀՀ-ից ծառայությունների, այդ թվում՝  տեղեկատվական տեխնոլոգիաների արտահանում։

· Երկկողմ տուրիզմ:

· Ներդրողներից շատերը հետաքրքրված են իրենց արտադրությունները անկայուն ներքաղաքական իրադրություն ունեցող երկրներից, օրինակ՝ Կենտրոնական և Հյուսիսային Աֆրիկայից նոր երկրներ տեղափոխելու հնարավորություններով։

· Ինտենսիվորեն աճում է Ծոցի երկրների մասնավոր ներդրողների հետաքրքրությունը ՀՀ գյուղատնտեսության նկատմամբ։

· Դիտարկվում են նոր նախագծեր անշարժ գույքի (հյուրանոցների կամ բնակելի համալիրներ), ինչպես նաև հանրային սննդի և առևտրի ոլորտներում։

· Հետաքրքրություն է ներկայացնում նաև ՀՀ-ի միջոցով ԵԱՏՄ շուկա ներթափանցելու հնարավորությունը։

· Զարգանում է միջպետական երկխոսությունը, ձևավորվում են նոր հարաբերություններ։ Էմիրություններն ու Քուվեյթը իրենց դեսպանություններն են բացել Երևանում, իսկ Հայաստանը շուտով առանձին դեսպանատուն կունենա նաև Քաթարում:

· ՀՀ-ը զարգացնում է այդ երկրների հետ կրթական-մշակութային համագործակցությունը, իսկ վերջին շրջանում կողմերը սկսել են դիտարկել համագործակցությունը նաև այլ ոլորտներում, օրինակ՝ ռազմատեխնիկական համագործակցության։ Փոխադարձաբար կարող են հետաքրքրություն ներկայացնել պետական կառավարման համակարգի, նորարարության և նոր տեխնոլոգիաների զարգացման, կրթության և առողջապահության ոլորտներում փորձն ու աշխատանքը։

·  Ոչ պակաս կարևոր ևս մեկ հանգամանք. այդ պետությունների հայ համայնքները։ Կան զգալի թվով  հայկական ծագմամբ հաջողակ գործարարներ, ովքեր ունեն անհրաժեշտ կապեր և հնարավորություններ ուղղորդելու, համոզելու տեղացի գործարարներին Հայաստանում համատեղ կամ նույնիսկ անհատապես ներդրումներ անելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել