Քնի քրոնիկ պակասն ազդում է մարդու բնավորության վրա՝ նրան դարձնելով պակաս խարիզմատիկ և ավելի հակված ստի, հաղորդում է Chicago Tribune պարբերականը:

«Ինչու ենք մենք քնում» գրքի հեղինակը՝ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Ուոքերը, հայտարարել է, որ քնի պակասը կարող է աղետալի հետևանքներ ունենալ մարդու օրգանիզմի համար, քանի որ այն ազդում է առողջության, կյանքի տևողության վրա և փոխում է մարդու բնավորությունը:

«Յոթ ժամից պակաս քնելու դեպքում մարդու ուղեղում և ամբողջ օրգանիզմում անդառնալի փոփոխություններ են սկսվում: Եվ նրանք, ովքեր պնդում են, որ կարող են քնել վեց ժամ, ցավոք սրտի, խաբում են իրենք իրենց և իրենց առողջությանը»,- ասել է Ուոքերը:

Նրա խոսքերով՝ քնի պակասը մարդուն դարձնում է պակաս խարիզմատիկ և ավելի հակված ստի: Այն կարող է նաև տարբեր հիվանդությունների հանգեցնել՝ քաղցկեղ, ճարպակալում, հիշողության վատացում, Ալցհայմերի հիվանդություն:

Միևնույն ժամանակ, գիտնականը շեշտել է, որ հանգստյան օրերին քնի պակասը լրացնելու փորձերը չեն փոխհատուցում աշխատանքային շաբաթվա ընթացքում քնի պակասին:

Ուոքերը խորհուրդ է տալիս քնելուց մեկ ժամ առաջ հեռուստացույց չդիտել և չօգտվել սմարթֆոններից ու համակարգիչներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել