Երեկ Աբովյան 1/3 հասցեում իսկական իրարանցում էր. Երևանի ամենապայծառ սրճարաններից մեկը՝ «Square One»-ը, նշում էր գործունեության 15 տարին: 2004 թվականի հուլիսի 31-ին Երևանի սրտում բացվեց սրճարանը, որն իր տեսակով տարբերվում էր:

Սրճարանի նախամուտքից միանգամից երևում են նրա տարբերվող ոճն ու դիզայնը և հաճախ այցելուի մոտ ստեղծում նյույորքյան որևէ հայտնի սրճարանի տպավորություն: Սրճարանն առաջինն էր, որ Հայաստան բերեց այնպիսի զարգացում ունեցող երևույթներ ճաշացանկի մեջ, ինչպիսին էր պաղպաղակով բրաունին, գարեջրի հետ կիտրոնով գազարը, սմուզիները, միլքշեյքերը: «Square One»-ի առանձնահատկություններից մեկն էլ, որը գրավում է շատ հաճախորդների, 15 համարի սեղանն է, որն աչքի է ընկնում իր գողտրիկ, հանգիստ, հարմարավետ տարածքով, նարդիով և շախմատով:

«Երբ սրճարանը բացվեց, մեր քաղաքը լրիվ այլ տեսք ուներ, լրիվ այլ ոճով էր ապրում, և այդ պահին սրճարանը կարծես մի գույն լիներ, որը տարբերվում էր ուրիշ սրճարաններից: Չեմ վախենում ասելուց, որ «Square One»-ը Երևան բերեց հայտնի բրաունին, մոցառելա սթիքսը, հավի թևիկները և նմանատիպ շատ սիրված և հայտնի ուտեստներ, որոնք այն ժամանակ չկային Հայաստանում»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշում է Figaro ընկերության տնօրեն Անի Հովակիմյանը։

Անին նշում է, որ սրճարանը Երևանի մի քիչ տարբերվող և կրեատիվ երիտասարդների սիրելի վայրն է, նաև ավելացնում, որ իրենց սրճարանում բազմաթիվ զույգեր են ծանոթացել, արդյունքում՝ ամուսնացել և հիմա իրենց երեխաների հետ են այցելում սիրելի սրճարանը: Հենց այս փաստն էլ հաշվի առնելով՝ սրճարանում ընդլայնվել է երեխաների համար նախատեսված հատվածը, և գործում է անվճար դայակի ծառայություն: Ի դեպ, սրճարանում ծանոթացած զույգերը երեկ ծաղիկներ և նվերներ ստացան սրճարանի կողմից:

«Square One»-ն ունի 15 տարվա հավատարիմ և մշտական հաճախորդների մեծ բանակ, ովքեր երեկ եկել էին շնորհավորելու սիրելի սրճարանի 15-ամյակը: Ներկա էին նաև հայտնի հյուրեր, իսկ նրանց համար մոտ մեկ ժամ իրենց հայտնի և սիրված կատարումներով ներկայացավ Nemra խումբը: Երեկոն վարում էր Նարեկ Քթոյանը, իսկ լավ երաժշտությունն ապահովում էր DJ Guevo-ն:

Դեռ անցած տարի «Square One»-ը վերաբրենդավորվեց, բայց մինչև վերանորոգումը սրճարանի տնօրենությունը հանդիպեց մշտական հաճախորդների հետ, որպեսզի քննարկի և հաշվի առնի նրանց կարծիքը:

«Երբ հայտարարեցինք վերաբրենդավորման մրցույթ, ունեինք հաճախորդներ, ովքեր պայքարում էին, որ ոչինչ չփոխեինք սրճարանում, և դա մեծ դեր խաղաց այն առումով, որ մենք էապես շատ փոփոխություններ չարեցինք։ Փոխվեցին լոգոն, կահույքը, բայց ճարտարապետական որևէ դետալի ձեռք չտվեցինք, որպեսզի սրճարանի հին շունչը պահպանվի: Շնորհակալ եմ մեր բոլոր հաճախորդներին, հատկապես նրանց, ովքեր խնդրի դեպքում արձագանքել են և ստիպել մեզ էլ ավելի լավը դառնալ: Կոչ եմ անում մի փոքր թերություն անգամ նկատելիս չլռել, առաջարկել մեզ ուղղել մեր սխալները»,- նշում է Անին։

«Ինչպես գիտեք, Square նշանակում է հրապարակ, ուստի վերաբրենդավորման ադյունքով «Square One»-ը կապեցինք աշխարհի հայտնի մայրաքաղաքների հրապարակների հետ։ Եթե նկատեցիք, սրճարանում ներկայացված են աշխարհի հայտնի հրապարակների քարտեզները կամ դրանց էսքիզները։ Ամեն քաղաքում էլ կա հրապարակին մոտ գտնվող, քաղաքի ռիթմին համահունչ, սիրված սրճարան: «Square One»-ը միշտ եղել է և, վստահ ենք, կշարունակի լինել երևանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրը»,- եզրափակեց մարքեթինգի ղեկավար Ֆլորա Աթոյանը:  

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել