Դիմահարդար Աիդա Մելքոնյանն այսօր համարվում է մեծ պահանջարկ ունեցող մասնագետներից, ով ոչ միայն պահանջված է հայրենիքում, այլև` դրա սահմաններից դուրս: Դիմահարդարի հաճախորդները շատ տարբեր են՝ դեռահասներից մինչև հասուն տարիքի կանայք: BlogNews.am-ի հետ զրույցում Աիդան խոսել է դիմահարդարման ամենապահանջված տենդենցներից, իր աշխատանքի կարևոր առանձնահատկությունների, թրենդ թելադրող կանանց և Քիմ Քարդաշյանի մասին:

- Աիդա, ասում են` հաճախ եք ստանում հրավերներ արտերկրից, հատկապես հարսիկների կողմից` այդ կարևոր օրը նրանց գեղեցկացնելու համար: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը։

 - Այո՛, հաճախ է այդպես լինում, բայց լինում է նաև այնպես, որ նախօրոք արված գրանցումների պատճառով չեմ կարողանում բացակայել: Իհարկե, դիմահարդարի համար սա հետաքրքիր փորձ է, հատկապես որ ես սիրում եմ ճանապարհորդել և մեծ սիրով եմ գնում:

- Դիմահարդարման տեսանկյունից կա՞ն դեմքի հատուկ ձևեր, որոնց հետ աշխատելն ավելի հեշտ է և գուցե հաճելի:

 - Կարող է լինել մարդ, որն ունենա իդեալական դեմք, սակայն վարպետի և հաճախորդի էներգիաները չհամապատասխանեն: Կարող է լինել հակառակը, չունենա իդեալական դեմք, բայց այնքան տարվես աշխատանքով, որ ցանկանաս ստեղծագործել:

- Չլճանալու համար ի՞նչ պետք է  ձեռնարկել։

- Անընդհատ պետք է տենդենցների մեջ մնալ, պարզապես չես կարող չհետևել: Այսօր համացանցը շատ է օգնում թրենդներից հետ չմնալ: Այս ոլորտում կան շատ հայտնի դեմքեր, որոնց պետք է հետևես:

- Իսկ վերապատրաստումնե՞րը։  

- Իհարկե, դա ևս կարևոր է: Ինչքան էլ լավ մասնագետ լինես, պետք է անընդհատ վերապատրաստվես: Անգամ փորձի փոխանակումը շատ կարևոր է, և այստեղ էական չէ, որ ինչ-որ մեկը քեզնից շատ ավելի հայտնի է կամ հակառակը: Շատ նոր բաներ ես սովորում, նոր մտքեր, նոր իրավիճակի ես ծանոթանում, ինչը շատ կարևոր է:

- Աղջիկները միշտ սիրում են հետաքրքրվել դիմահարդարման նոր տենդենցներով։ Կնշե՞ք՝ որոնք են հիմա ավելի ակտուալ։

- Թաց, ապակու էֆեկով փայլ հաղորդող դիմահարդարումներն այսօր շատ արդիական են: Յուրաքանչյուր երկրորդն ուզում է այդ թաց էֆեկտը:

- Իսկ պեպենների մասին ի՞նչ կասեք: Եթե չեմ սխալվում, Դուք առաջինն էիք Հայաստանում, ով արել է պեպեններով ֆոտոշարք, որից հետո արդեն կիրառվեց այլ դիմահարդարների կողմից:

- Ես փորձեցի ճիշտ ժամանակին օգտագործել այդ միտումը: Ես կարծում եմ՝ հիմա մարել է այդ տենդենցը: Մեկ տարուց ավելի էր՝ այն ակտուալ էր: Շատ գեղեցիկ է նայվում հատկապես ֆոտոսեսիաների ժամանակ:

Աիդա, ինչպես վարսահարդարների, այնպես էլ դիմահարդարների մոտ հաճախ աղջիկները գնում են տվյալ հայտնի մարդու լուսանկարով: Ո՞վ է այսօր ամենաթրենդայինը, ո՞ւմ լուսանկարով են գալիս։

- Միանշանակ, Քիմ Քարդաշյանը: Նա ֆենոմենալ դեմք է, ես նրան վիրտուոզ եմ համարում: Նա ո՛չ երգչուհի է, ո՛չ պարուհի, ոչ էլ լրագրող, բայց համար մեկ կինն է, ով հասարակության շրջանում հետաքրքրություն է առաջացնում: Շատ գեղեցիկ աղջիկներ կան, բայց նա համար մեկն է:

- Բա՞րդ է աշխատել այն մարդու հետ, ով երբեք պրոֆեսիոնալ դիմահարդարում չի արել։ Ինչպե՞ս պատրաստել նրան, որ հայելու մեջ նայելիս իրեն ճանաչի, և ինչպե՞ս եք վարվում այդ դեպքերում:

- Պարզապես մարդուն զգալով ես կարող եմ անել իմ աշխատանքը: Իրականում ինձ համարում եմ մեղմ շպարող մասնագետ, և երբ մարդը գալիս է, ես հաշվի եմ առնում, որ երբեք չի արել, որ առաջին անգամ է անում պրոֆեսիոնալ դիմահարդարում: Եթե ես անեմ անգամ իմ ստանդարտների մեջ միջինը, ապա դա էլ նրա համար շատ կլինի, դա միշտ պետք է հաշվի առնել:

- Արդյոք անցկացնո՞ւմ եք դասընթացներ։

- Այո՛, ինչպես անհատական, այնպես էլ՝ խմբակային: Սովորեցնելիս կենտրոնանում եմ ոչ թե ստանդարտ դասերի վրա, այլ աշխատում եմ, որ մարդը կարողանա ստեղծագործել, որ մարդը մարդուն տեսնի, որ նա չդառնա ստանդարտ գիծ քաշող կամ կարմիր շրթներկ քսող: Սովորեցնում եմ, որ մարդու տեսակի հետ կարողանա աշխատել, որպեսզի դիմահարդարումն ավելի գեղեցիկ լինի: Եթե անգամ ամենագեղեցիկ դիմահարդարումն անես, և այդ մարդը դա չկարողանա կրել, դա արդեն հաղթանակ չես կարող համարել:

 - Երբեմն նայելով դիմահարդարված աղջկան՝ կարող ես ասել՝ որ դիմահարդարն է արել, ում ձեռագիրն է, սակայն Ձեր պարագայում հաճախ չենք կարող գուշակել, որ դա Ձեր ձեռագիրն է: Ինչպե՞ս եք կարողանում նման կերպ աշխատել։

- Այո՛, նույն դիմահարդարումը յուրաքանչյուրի դեմքին չեմ անում: Չեմ փորձում բոլորին իրար նմանեցնել, կամ եթե ինչ-որ բան ինձ հաջողվում է, ես չեմ փորձում դա բոլորի վրա կիրառել: Դրա համար իմ մոտեցումը մարդու նկատմամբ շատ անհատական է․ կարծում եմ՝ դա շատ կարևոր է:

- Դուք ի՞նչ դիմահարդարում եք նախընտրում և արդյո՞ք սիրում եք առօրյայում դիմահարդարվել:

- Ես միշտ շատ սիրել եմ դիմահարդարվել: Երեք ժամ տևում էր իմ դիմահարդարումը, որից քառասուն րոպեն թարթիչներս էի քսում: Հիմա այլևս չեմ դիմահարդարվում․ տարիքային այս անցումն ու կյանքիս ընկալումներն ինձ փոխել են: Դիմահարդարված ինձ հարմար չեմ զգում: Գուցե որոշ ժամանակ անց փոխվեն ընկալումներս: Սիրում եմ մաշկս խնամել, բայց դիմահարդարվել՝ ոչ:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել