Վեց ագռավ, որոնց վարժեցրել են հավաքել ծխախոտի մնացորդներն ու աղբը, «աշխատանքի» են ուղարկել ֆրանսիական պատմական թեմատիկ այգի. այս մասին հայտնում է The Guardian-ը։

Puy du Fou-ն պատմական թեմատիկ այգի է, որը գտնվում է Արևմտյան Ֆրանսիայում։ Այն շատ հայտնի է զբոսաշրջիկների շրջանում. ամեն տարի այս այգի է այցելում ավելի քան 2 միլիոն մարդ։ Այգին հայտնիությամբ երկրորդ թեմատիկ այգին է երկրում. առաջին հորիզոնականում գտնվում է փարիզյան Դիսնեյլենդը։

«Նպատակը ոչ միայն այգին մաքուր պահելն է, այլ նաև ցույց տալը, որ հենց բնությունը կարող է մեզ սովորեցնել հոգ տանել շրջակա միջավայրի մասին»,- ասում է Puy du Fou այգու աշխատակից Նիկոլաս դե Վիլյեն։

«Մաքրողների» խմբի ագռավները, որոնց հետ միասին «աշխատում են» նաև կաչաղակներ ու ճայակներ, համարվում են «առավել խելացի» և համապատասխան պայմաններում սիրում են շփվել մարդկանց հետ ու նրանց հետ հարաբերություններ ստեղծել խաղերի միջոցով։

Թռչուններին «առաջարկել են» մաքրել այգին փոքրիկ տուփի օգնությամբ, որը նրանց սնունդ կտա յուրաքանչյուր անգամ, երբ վերջիններս այնտեղ ծխախոտի մնացորդ կամ աղբի փոքր կտոր նետեն։

Հետազոտությունները, որոնց արդյունքները հրապարակված են Current Biology ամսագրում, բազմաթիվ ապացույցներ են ներկայացնում այն բանի, որ թռչունները հեշտորեն հիշում են մարդկանց ձայնն ու արտաքին տեսքը, ինչպես նաև նրանց հետ ունեցած նախկին շփումը։ Ավելի վաղ գիտնականներն արդեն իսկ տեղյակ էին, որ ագռավները լավ են հիշում դեմքերը, իսկ նոր ուսումնասիրությունները դա վերահաստատել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել