Սելին Մարի Կլոդետ Դիոնը, ով յուրահատուկ ու անկրկնելի ձայն ունի, հայտնի է դարձել որպես հանրահայտ «Տիտանիկ» ֆիլմի գլխավոր երգի կատարող։ Սակայն ապագա աստղի ստեղծագործական ուղին սկսվել է դեռևս դեռահասության շրջանում, իսկ նրա՝ 1995 թ. թողարկված «D’eux» ալբոմը դարձավ ոչ անգլերեն լեզվով ամենաշատ վաճառվող սկավառակը։

Ապագա աստղի գավառական մանկությունը

Սելին Դիոնը ծնվել է 1968 թ. կանադական Քվեբեք շրջանում։ Նա 14 երեխաներից կրտսերն էր։ Թվում է՝ երեխայի ճակատագիրը երաժշտության հետ կապել են դեռ ծննդյան պահից, քանի որ նրան անվանել են ֆրանսիական հայտնի «Céline» երգի պատվին։

5 տարեկանում փոքրիկ Սելինն առաջին անգամ ներկայացավ հանրությանը՝ երգելով իր եղբոր հարսանիքի ժամանակ։ Ավելի ուշ նա իր քույրերի ու եղբայրների հետ սկսեց աշխատել բարերում և ակումբներում։ People ամսագրին տված հարցազրույցում Սելին Դիոնն ասել է. «Ես կարոտում են տունս ու ընտանիքս, սակայն չեմ ափսոսում, որ կորցրել եմ երիտասարդությունս։ Ես մի երազանք ունեի՝ երգչուհի դառնալ»։

Իր առաջին երգը Դիոնը գրել է 12 տարեկանում։ Երգը հասավ երաժշտական մենեջեր Ռենե Անժելիլուին, ով այնքան էր հիացած աղջկա ձայնով ու տաղանդով, որ գրավ դրեց սեփական տունը և ողջ գումարը ներդրեց երիտասարդ աղջկան երգչուհի դարձնելու գործում։ Ռիսկն արդարացվեց. քիչ ժամանակ անց աղջիկը ձայնագրեց «La voix du bon Dieu» երգը, որը Քվեբեքում հիթ դարձավ։

Ի դեպ, Սելին Դիոնը ընդհանուր նախնիներ ունի Մադոննայի, Ջասթին Բիբերի և դերասան Մարկ Ուոլբերգի հետ։

Համաշխարհային ճանաչում և ձայնի անսպասելի կորուստ

Երբ Սելինը 18 տարեկան էր, նա ականատես եղավ Մայքլ Ջեքսոնի ելույթին, որն այնքան տպավորեց աղջկան, որ նա որոշեց նմանվել Մայքլին։ Բարեբախտաբար, երգչուհու մենեջերը պնդեց, որ նա սեփական ոճը գտնի։

Արդեն 2 տարի անց աղջիկը մեկնեց Դուբլին՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում Շվեյցարիան ներկայացնելու և հաղթանակ տարավ՝ Եվրոպայում իրական աստղ դառնալով։

Սակայն ողջ աշխարհում ճանաչում ձեռք բերելու համար միայն տաղանդ ունենալը բավական չէր. կարևոր էր կոմերցիոն տեսանկյունից ճիշտ կերպար ստեղծելը։ Այդ ժամանակ մենեջերի պնդմամբ Սելինը ստոմատոլոգիական վիրահատություն տարավ, որը էականորեն բարելավեց նրա արտաքինը, ինչպես նաև Սելինը սկսեց վարժ տիրապետել անգլերենին։ Թվում էր՝ համաշխարհային հեղինակությունը շատ մոտ էր, սակայն անսպասելի ողբերգություն տեղի ունեցավ։ Տուրերից մեկի ժամանակ արտիստը կորցրեց ձայնը, և անգամ հարց էր բարձրացվում այն մասին, որ նա միգուցե ավարտի երգչուհու իր կարիերան։ Բանն այն էր, որ Դիոնը հատուկ երաժշտական կրթություն չուներ, այդ իսկ պատճառով նա սխալ էր օգտագործում ձայնալարերը։

Բժիշկը երգչուհուն ընտրության առջև կանգնեցրեց՝ անհապաղ վիրահատություն կամ 3-շաբաթյա ընդմիջում, որի ժամանակ չէր թույլատրվում երգել և խոսել։ Սելինն ընտրեց երկրորդ տարբերակը, ապա վոկալի դասընթացներ անցավ ու սկսեց ճիշտ ծանրաբեռնել ձայնալարերը։

Լեզվի դպրոցը հաջողությամբ ավարտելուց հետո Սելին Դիոնը ձայնագրեց իր առաջին ալբոմը՝ անգլալեզու երգերով։ Այնուհետև երգչուհին կատարեց Disney-ի «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի սաունդթրեքը և վերջնականապես գրավեց ամերիկյան հանրության սրտերը։

Միաժամանակ, Կանադայում բնակվող Սելինի շատ երկրպագուներ քննադատում էին նրան՝ ֆրանսիական արմատներն անտեսելու համար։ Երկրպագուների բարեհաճությունը վերադարձնելու համար Սելինը հրաժարվեց քվեբեքյան «Ֆելիքս» մրցանակաբաշխության ժամանակ ստացած «Տարվա անգլիական արտիստ» մրցանակից և հանրորեն հայտարարեց, որ միշտ եղել է ու կմնա ֆրանսիական, այլ ոչ անգլիական երգչուհի։

Իհարկե, Սելին Դիոնի գլխավոր այցեքարտը դարձավ «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքը, որը նա ձայնագրեց 1997 թ.։ «My Heart Will Go On» բալլադը գլխավորեց աշխարհի բոլոր չարտերը և դարձավ ամենահայտնի երգերից մեկը։ Երգչուհին դրա համար արժանացավ «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և «Գրեմիի» երկու մրցանակի։

Սելին Դիոնի արվեստը միշտ տարբերվել է ստանդարտ փոփ երաժշտությունից. այն լի է եղել խորը զգացմունքներով ու հոգևորությամբ։ Բացի դրանից՝ երգչուհին մյուսներից տարբերվում էր իր հզոր վոկալով։

1999 թ.՝ իր հայտնիության գագաթնակետին, Դիոնը որոշեց ընդմիջում անել կարիերայում։ Նա ասաց, որ իրեն հարկավոր է ազատվել համընդհանուր ուշադրությունից և ընտանիքի հետ կյանքը վայելել։ Դիոնը բեմ վերադարձավ 3 տարի անց, իսկ 2006-ին բարեգործական համերգի ժամանակ Էլթոն Ջոնի հետ դուետ կատարեց։

Հարատև սիրավեպ

Սելին Դիոնը ծանոթացել է ապագա ամուսնու հետ 12 տարեկան հասակում, իսկ տղամարդը 40 տարեկան էր։ Դա այն նույն մարդն էր, որն աղջկան համաշխարհային աստղ դարձրեց՝ վաճառելով սեփական տունը՝ նրա մենեջեր Ռենե Անժելիլը։ Իհարկե, նրանց սիրային հարաբերությունները սկսվել են ավելի ուշ՝ 1988 թ., երբ Սելինն արդեն 20 տարեկան էր։

Սկզբում սիրահարները թաքցնում էին իրանց հարաբերությունները հանրության լայն շրջանակներից, սակայն երբ երգչուհին հայտարարեց նշանադրության մասին, երկրպագուներն ընդունեցին նրա ընտրությունը։ Քիչ ժամանակ անց Սելինն ու Անժելիլը շքեղ հարսանեկան արարողություն կազմակերպեցին, որը ուղիղ եթերով հեռարձակվում էր կանադական հեռուստատեսությամբ։

Սելինը մի քանի տարի շարունակ ապարդյուն փորձում էր հղիանալ, այդ իսկ պատճառով նա ստիպված էր տանել ևս երկու փոքր վիրահատություն, որպեսզի մեծացնի հղիանալու հավանականությունը։ Դրանից հետո կանադական դիվան ծնեց իր առաջնեկին, ում անվանեցին Ռենե-Շառլ Անժելիլ։

9 տարի անց՝ 2010-ին, լույս աշխարհ եկան երկվորյակ եղբայրներ Էդին և Նելսոնը։ Նրանց անվանել են երգչուհու սիրելի կոմպոզիտոր Էդի Մարնեի և ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի պատվին։

Այսօր Դիոնի ավագ որդին 18 տարեկան է, իսկ երկվորյակները շուտով կնշեն իրենց 9-ամյակը։ Սելինը ամուսնու հետ երջանիկ ապրեց 23 տարի, սակայն, ցավոք, սիրո գեղեցիկ պատմությունը ողբերգական ավարտ ունեցավ. Ռենեն մահացավ քաղցկեղից։ Նա հիվանդության դեմ պայքարում էր 20 տարի։ Մի պահ երգչուհին անգամ թողել էր բեմը՝ ամուսնուն խնամելու համար, սակայն վեջինս կնոջը համոզել էր վերադառնալ երաժշտության ասպարեզ։

Ռենե Անժելիլը մահացավ Լաս Վեգասում գտնվող ընտանեկան առանձնատանը 73 տարեկան հասակում։ Դիվան ծանր տարավ ամուսնու մահը, իսկ 2 օր անց նրա սուգն ուժգնացավ, քանի որ մահացավ եղբայրը՝ Դանիելը։ Հարազատների հիշատակին նա գրեց «Recovering» երգը։

Նոր կյանք

2016 թ. երգչուհին վերադարձավ բեմ նոր կերպարով։ Փարիզում նորաձևության շաբաթին աստղի ներկայությունը լրագրողներն անվանեցին «գլխապտույտ կերպարանափոխություն»։ Այդ ժամանակից ի վեր Դիոնը վերածվեց իրական ոճային ինֆլյուենսերի և սկսեց հաճախ հայտնվել նորաձևության գլխավոր ամսագրերի շապիկներին գեղեցիկ կերպարներով։

Նախորդ տարի Դիոնը երգ թողարկեց, որը «Դեդփուլ-2» ֆիլմի սաունդթրեքն էր։

Վերջերս 51-ամյա դիվան հայտարարել է մեծ համերգային տուրի մասին, ինչպես նաև այն մասին, որ նախատեսում է 2019 թ. նոյեմբերին նոր ալբոմ թողարկել։

Որոշ ժամանակ առաջ մամուլում լուրեր տարածվեցին Սելին Դիոնի և բրազիլացի պարող Պեպե Մունյոսի սիրավեպի մասին. վերջինս երգչուհուց փոքր է 16 տարով։ Սակայն Դիոնը հերքեց այդ լուրը՝ հայտնելով, որ Պեպեի հետ իր հարաբերությունները բացառապես ընկերական են։

Այսօր Սելին Դիոնն ամենապահանջված կանադացի երգչուհին է, ում վոկալային դիապազոնը կազմում է 5 օկտավա։ 2018 թ. տվյալներով՝ նա հայտնվել է աշխարհի ամենաշատ վարձատրվող երգչուհիների ցանկում։

2020 թ. նախատեսվում է հեռարձակել կենսագրական ֆիլմ Սելին Դիոնի մասին, որը կկոչվի «Սիրո ուժը»։ Գլխավոր դերը կստանձնի ֆրանսիացի դերասանուհի Վալերի Լեմերսիեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել