Վաշինգտոնի հայ դատի գրասենյակը տեղեկացնում է, որ Թրամփի վարչակազմը չեղարկում է Արցախին տրամադրվող օգնությունը: Խոսքը Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության ականազերծման ծրագրի մասին է: Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդամենը 2 շաբաթ առաջ էր հաստատել ծրագրի ֆինանսավորումը 2020-ի համար: Հիմա սա կչեղարկվի 2 ամսվա ընթացքում: Հայաստանից հետո ԱՄՆ-ն երկրորդ երկիրն է, որն ուղղակի ֆինանսական օգնություն է մինչև հիմա տրամադրել Ստեփանակերտին, ու այդ հանգամանքն ահավոր նյարդայնացրել է Բաքվին: Ադրբեջանական իշխանությունները վերջին տարիներին մեծ աշխատանք էին տանում Վաշինգտոնում ԱՄՆ կողմից Արցախին տրամադրվող անմիջական օգնությունը չեղարկելու ուղղությամբ: 

Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանն ահազանգում է և կոչ անում ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին նամակախեղդ անել իրենց կոնգրեսականներին այդ խայտառակ որոշումը չեղարկելու համար: 

Որևէ մեկը չի կարող հերքել, որ Թրամփի վարչակարգի այս որոշումը քաղաքական է և իր մեջ պարունակում է բավականին վտանգավոր մեսիջներ պաշտոնական Երևանին: Իսկ ի՞նչ են անում այս ուղղությամբ մեր իշխանությունները: Պատասխանեմ՝ ոչինչ: Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունն ընդհանրապես անտեսված է: Ռուսաստանյան, ՀԱՊԿ-յան, ԵԱՏՄ-յան տապալված քաղաքականությանը բազմիցս եմ անդրադարձել: Եվրոպական և ամերիկյան ուղղությունները, ինչպես երևում է, ևս խնդրահարույց են: Սակայն ՀՀ իշխանություններին, որքան կարելի է կռահել, ավելի շատ հետաքրքրում են ներքաղաքական «մուտիլովշչիկությունները»՝ կեղծ օրակարգերի ստեղծումը և այդպիսով հասարակության ուշադրության շեղումը երկրի առջև ծառացած իրական ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական խնդիրներից, որոնցից այս պահին ամենակարևորն ԱՄՆ իշխանությունների հակաարցախյան այս որոշումն է: 

Հատկանշական է, որ Թրամփի վարչակարգն այս որոշումը կայացրել է ՀՀ ԱԺ նախագահի և նրա ղեկավարած պատվիրակության և ՀՀ փոխվարչապետի՝ ԱՄՆ կատարած այցերից հետո, որոնց արդյունքների մասին մեծ հիացմունքով էին խոսում իշխանական ԶԼՄ-ները: Սակայն, ինչպես երևում է, պաշտոնական Վաշինգտոնը բավականին բացասական է գնահատել Միրզոյան-Ավինյան այցերի արդյունքները և արցախյան ապտակի միջոցով է պատասխանել Փաշինյանին: 

Հիշեցնեմ, որ մինչ այս էլ ֆրանսիական դատարանները մի քանի հակաարցախյան որոշումներ կայացրին, որոնց պաշտոնական Երևանը գրեթե չարձագանքեց, քանի որ կրկին զբաղված էր ներքաղաքական «վհուկների որսով»: Հայաստանի իշխանությունները տարրականորեն բարձիթողի վիճակում են թողել Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունները: Իսկ ԱԳՆ-ի և նրա ղեկավար Զոհրաբ Մնացականյանի պարտիզանական և ԱԱԾ-ական ոճով աշխատանքը, որը նա ընդօրինակել է նախորդ նախարարից, ուղղակի անընդունելի է: 

Հիշեցնեմ, որ Իլհամ Ալիևի վարչակարգը երկար ժամանակ է՝ մեծ աշխատանք էր տանում Վաշինգտոնում, որպեսզի ամեն գնով չեղարկի ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող ուղղակի օգնությունը, սակայն մինչև հիմա նրան դա չէր հաջողվել: Ըստ իս՝ այս իրավիճակից միակ ելքը ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների ակտիվ միջամտությունն է, քանի որ ՀՀ ԱԳՆ-ն և նրա ստորաբաժանումներն ԱՄՆ-ում այս ամենին գրեթե դիտորդի կարգավիճակով են վերաբերվում: 

Հ.Գ. Բաքվում, Անկարայում, ինչպես նաև եվրոպական մայրաքաղաքներում և Վաշինգտոնում գործող թուրք-ազերիական լոբբիստները հմտորեն օգտվում են Փաշինյանի` արտաքին քաղաքականությունը չսիրելու և նրա թիմակիցների մեծ մասի՝ այդ ոլորտում դիլետանտ լինելու հանգամանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել