Հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Կոպեցկուն առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին համահունչ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն նաև պաշտպանության բնագավառում, այդ թվում նաև՝ ռազմատեխնիկական ոլորտում:

Ընդգծվել է, որ այս տարվա ապրիլին Երևանում երկու պետությունների պաշտպանության նախարարների կողմից ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո առկա է մեծ ներուժ` փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու համար:

Դեսպան Կոպեցկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պաշտպանության ոլորտում համագործակցության բարձր գնահատականի համար և վստահեցրել, որ չեխական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել համագործակցությունը՝ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել