Թուրքական իշխանությունները Շանլըուրֆայի սահմանամերձ Ջեյլանփընար գավառ են ուղարկել 12 զրահամեքենա: Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ զրահամեքենաները, որոնք ուղարկվել են Թուրքիայի արևելյան քաղաքներում գտնվող ռազմական միավորումներից, տեղակայվելու են թուրք-սիրիական սահմանին:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Սիրիայի հյուսիսում «անվտանգ գոտի» ստեղծելու ուղղությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվեն, ապա Թուրքիան միայնակ կստեղծի այն, ինչը իրենից ենթադրում է ռազմական գործողություններ Սիրիայի հյուսիսում տեղակայված քուրդ զինյալների դեմ:

Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: «Անվտանգ գոտի»-ն պետք է ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել