Pastinfo.am-ը գրում է.

Պատրաստվում ենք միջնորդություն ներկայացնել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման ժամանակ ներկա լինեն փաստաբաններ ու լրագրողներ։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանից։

«Ուզում ենք ճշտել որ լրատվամիջոցներն են, որ նույնպես ցանկություն ունեն ներկա գտնվել։ Այդ հարցն էլ կարգավորենք ու ներկայացնենք», - ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, որպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող և նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաև քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։

Նշենք, որ հուլիսի 26-ին ԲԴԽ-ն բավարարել էր Դատախազության միջնորդությունը՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Օրենքի ուժով կասեցվել են դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, ինչը ենթադրում է, որ դատավորի վարույթում գտնվող բոլոր գործերը մակագրվելու են ուրիշ դտավորների, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանի գործը։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն դատական դեպարտամենտից տեղեկացել էր, որ Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող գործերը դեռ չեն վերաբաշխվում. «Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը կհանձնվեն գրասենյակ և ըստ օրենքով սահմանված կարգի՝ համակարգչային ծրագրի միջոցով կվերաբաշխվեն», - տեղեկացրել էին դատական դեպարտամենտից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել