Մեծ Բրիտանիայում դատարանը տղամարդուն ազատազրկել է երկրի պատմության մեջ ամենակարճ ժամկետով՝ 50 րոպեով, գրում է Daily Mail-ը:

Քսաներեքամյա Շեյն Ջենքինսը, վիճելով արդեն նախկին ընկերուհու հետ, հեռացել է նրա տնից՝ սպառնալով փշրել տան պատուհանները: Ավելի ուշ նա վերադարձել է և ցախավելով ջարդել կնոջ տան պատուհանները:

Երբ կինը ոստիկանություն է կանչել, Շեյնը թաքնվել է իրավապահ մարմիններից: Ավելի ուշ նա դատարանի առաջ ընդունել է անշարժ գույքին վնաս հասցնելու, ոստիկանության երկու աշխատակիցներին վիրավորելու և ոստիկանությունից փախչելու վերաբերյալ իր դեմ առաջադրված մեղադրանքները:

Դատավորը տղամարդուն 50 րոպեի ազատազրկման է դատապարտել՝ հորդորելով այդ ժամանակն օգտագործել նախկին ընկերուհուց ներողություն խնդրելու համար: Շեյնին թուղթ ու գրիչ են տրամադրել, որով նա երկու նամակ է գրել ընկերուհուն և դատավորին, որոնցում հայտնում է, որ գործել է տաք գլխով, առանց հասկանալու, թե ինչ է անում, և որ անկեղծորեն զղջում է իր արարքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել