Shantnews.am-ը գրում է.

«Սահմանազատման հարցերով հանձնաժողովի պասիվությունը կասկածներ է հարուցում առ այն, որ վրացական իշխանությունները Դավիթ Գարեջին հանձնել են Ադրբեջանին: Չնայած սպասումներին, Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ իրավիճակը չի փոխվել», – ասել է «Ուժը միասնության մեջ է» շարժման առաջնորդ Դավիթ Կացարավան: Ըստ նրա՝ Վրաստանի քաղաքացիները, ինչպես նաև զբոսաշրջիկները, հնարավություն չունեն մոտենալու համալիրի մի հատվածին:

Կացարավայի հավաստմամբ՝ այսօր տեղի է ունենալու նախաձեռնող խմբի նիստ, որը մտադիր է հատուկ դիմում ուղարկել սահմանազատման հարցերով հանձնաժողովին: Խումբը պահանջելու է, որ հանձնաժողովը հայտարարություն անի առկա խնդրի վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, հարցի շուրջ տիրում է տեղեկատվական վակուում: Իշխանությունների կողմից չկա հարցին վերաբերող որևէ տեղեկատվություն:

«Տաճարների մուտքը մեզ համար սահմանափակվել է: Մոտենալ կարելի է միայն վանքին: Եթե հաշվի առնենք, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովը սկսել է աշխատանքը, մենք դա համարում ենք մտահոգիչ: Հուլիսի 24-ի դրությամբ՝ անապատի վանք տանող ճանապարհին ադրբեջանական կողմն ավելացրել է սահմանապահների թիվը: Լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ տարածքում կա միայն ութ վրացի սահմանապահ, իսկ ադրբեջանական կողմից սահմանապահների թիվը 20-ից ավելին է: Սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի պասիվությունը կասկածների տեղիք է տալիս, որ վրացական իշխանությունները հանձնել են Դավիթ Գարեջին», – ասել է Դավիթ Կացարավան:

Նա չի բացառել, որ մոտ ապագայում հանդիպում կազմակերպվի դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` նրանց տեղեկացնելու և, անհրաժեշտության դեպքում, նրանցից օգնություն ստանալու համար: Կացարավան ընդգծել է խնդրի կարգավորման հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ընդգրկելու կարևորությունը, քանի որ մշակութային ժառանգության հուշարձանին վտանգ է սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել