Yerkir.am-ը գրում է.

Թեհրանի նախկին քաղաքապետ՝ Մոհամմադ Ալի Նաջաֆին, մահապատժի է դատապարտվել: Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է դատական ուժի մամուլի խոսնակ Ղոլամ Հոսեյն Էսմայիլին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ դատարանն ապացուցված է համարել դատախազի ներկայացրած դիտավորյալ սպանության մեղադրանքը, եւ հաշվի առնելով զոհի անմիջական ժառանգների պահանջը՝ Մոհամմադ Ալի Նաջաֆիին մահապատժի է դատապարտել:

Էսմայիլին տեղեկացրել է նաեւ, որ դատարանի վճռի մասին տեղեկացված են տուժողի եւ մեղադրյալի դատապաշտպանները:

Վճիռը վերջնական չէ եւ ենթակա է բողոքարկման:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ի առավոտյան, սեփական բնակարանում, Նաջաֆին հրազենից արձակած կրակոցով սպանել էր իր երկրորդ կնոջը՝ Միթրա Օսթադին: Նոյն օրը՝ երեկոյան, նա ինքնախոստովանանքով ներկայացել էր ոստիկանություն եւ ձերբակալվել էր:

Նաջաֆին խոստովանել էր, որ սպանությունը կատարել էր ընտանեկան սուր տարաձայնությունների պատճառով: Ողբերգական միջադեպից ամիսներ առաջ նույն պատճառով նա ինքնասպանության անհաջող փորձ էր կատարել Թեհրանի հյուրանոցներից մեկում:

Նշենք, որ դոկտ. Մոհամմադ Ալի Նաջաֆին համարւում է Իրանի չափաւորական-բարեփոխական քաղաքական հոսանքի կարկառուն դէմքերից մէկը: Թեհրանի 12-րդ քաղաքապետը Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահութեան օրօք զբաղեցրել է կրթութեան նախարարի պաշտօնը: Մոհամմադ Խաթամիի կառավարութիւնում զբաղեցրել է նախագահի տեղակալի եւ Ծրագրաւորման եւ բիւջէի կազմակերպութեան ղեկավարի պաշտօնները: Իսկ նախագահ Ռոհանիի կառավարութիւնում եղել է Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան ղեկավարն ու տնտեսական հարցերով նախագահի խորհրդականը: 90-ական թւականների առաջին կէսին, նրա նախարարութեան օրօք է տեղի ունեցել Իրանի հանրակրթական ուսուցման համակարգի բարեփոխումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել