Tert.am Life-ը գրում է.

Դպրոցական կռիվներ, «անհոգ» հոգսեր, անձնական դրամաներ, հետո՝ ուսանողական կյանք, սեր, հիասթափություն և ճանապարհ դեպի հասուն կյանք․ երկու տարի հեռուստադիտողները հետևեցին «Էլենի օրագրի» հերոսների երբեմն մանկական, երբեմն հասուն խնդիրների զարգացումներին, իսկ այս օրերին տրամադրվում են պատմության հանգուցալուծմանը և «հեփի էնդ»-ին:

«Էլենի օրագրի» սիրված հերոսներն օրեր անց հրաժեշտ կտան երկրպագուներին․ օգոստոսի 1-ին եթերում կլինի նախագծի վերջին սերիան: Դե ինչ, Մաքսն ու Էլենը, վերջապես, ամուսնացան, հարսանեկան ֆոտոշարքն էլ իրականացրեց Tert.am Life-ը:)

Ամառվա տապին բացօթյա նկարահանումներից փոքր-ինչ հոգնած դերասաններն ուզում էին հնարավորինս շուտ ավարտել նկարահանումները, բայց և հասկանում էին, որ պետք է վայելել վերջին օրերը «Էլենի օրագրի» նկարահանման հրապարակում․ շուտով յուրաքանչյուրն իր գործին է անցնելու և, գուցե, աշխատի բոլորովին նոր թիմում:

Այս անգամ ստեղծագործական թիմը նախապես հայտարարում է՝ «Էլենի օրագիրը 3» չի լինելու: «Իհարկե, միշտ կարելի է գտնել կոնֆլիկտ և պատմություն, անգամ, երկու տարի եթերում լինելուց հետո, բայց, երբեմն, պատմությունն ինքն է թելադրում ավարտի ժամանակը: Սա այդ դեպքերից էր։ Թեև երրորդ եթերաշրջանի պահանջարկը շատ մեծ է, մենք նախընտրեցինք երկրպագուների սերը մանիպուլյացիայի առարկա չդարձնել։ Իհարկե, հաճելի է այդքան նամակներ ու արձագանքեր կարդալ, բայց ավելի հաճելի է գիտակցել, որ նրանց չենք հիասթափեցնի հետագայում»,- ասաց նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը՝ անդրադառնալով երրորդ եթերաշրջան չանելու որոշմանը:

«Էլենի օրագրի» ստեղծագործական թիմն արդեն աշխատում է նոր նախագծի ուղղությամբ: «Մեր թիմով կներկայանանք նոր աշխատանքով, որը թեմատիկ առումով կտարբերվի մեր նախորդ գործերից։ Կլինի հուզիչ և հետաքրքիր,- ասաց Անին, իսկ հարցին՝ սիրված հերոսների հետ նոր համագործակցություն սպասվո՞ւմ է, պատասխանեց,- Որոշ դերասանների հետ կշարունակենք աշխատել: Նրանցից շատերի հետ ինքս երեք-չորս տարվա համագործակցության պատմություն ունեմ։ «Էլենի օրագրի» կազմը շատ հաջողված է, հուսով եմ՝ հետագայում առիթ կլինի տարբեր նախագծերում նորից աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել