Այսօր Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ, մասնագիտությամբ իրավաբան Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)  կրավորական կեցվածքին՝ առհասարակ, և հատկապես՝ դատավորների պաշտպանության հարցում անգործություն դրսևորելուն, մասնավորապես գրել է. «ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատավորների և դատարանների անկախությունը:

Սա հեքիա՞թ է, թե՞ իրականություն…
Հաստատ՝ ոչ առաջինը…

168.am-ը Գևորգ Պետրոսյանին խնդրեց մեկնաբանել իր գրառումը, հատկապես՝ ի՞նչ ակնկալիքներ ուներ ԲԴԽ-ից, ու ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծում է առաջարկում:

«ԲԴԽ-ն շատ շուտ հավակնում է դառնալ մեռելածին կառույց: Եկեք վերանանք անձանցից: Եթե երկրի թիվ մեկ պատասխանատուն դատավորներին անվանում է վնգստացող, և ԲԴԽ-ն լռում է, դա նշանակում է, որ ԲԴԽ-ն արդեն իսկ իր վրայից հանել է դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորողի իր պատմուճանը, այսինքն` չի կարողանում իրականացնել իր սահմանադրական առաքելությունը: Հետևաբար՝ արդեն վիճելի է նման մարմին ընդհանրապես ունենալու անհրաժեշտությունը, և եթե սահմանադրական փոփոխություններ լինեն, ես, օրինակ, եթե ԲԴԽ-ն շարունակի այսպիսի պարտիզանական կեցվածքով հետևել, թե ինչպես են տարբեր անկյուններից վիրավորում իրենց պաշտպանության ներքո գտնվող դատավորներին և ընդհանրապես դատական համակարգը, ապա շատ վիճելի է նման մարմին ունենալու անհրաժեշտությունը, և կարելի է սահմանադրական փոփոխությունների համատեքստում վերանայել նաև ԲԴԽ-ի գոյության իրավունքը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Վերջինիս  խորին համոզմամբ` դատավորների անկախությունը սկսվում է նրանց հասցեին վիրավորական արտահայտություններին արձագանքելուց:

«Այսինքն` եթե իմ և Ձեր վարքագիծը, մեր ճակատագիրը որոշում են վնգստացողները, մենք իրավունք ունենք չվստահել նրանց որոշումներին: Պետք է մտածել սրա մասին», ասաց պատգամավորը:

Մեր այն հարցին, թե սահմանադրությամբ դատավորների պաշտպանությունը ԲԴԽ գործառույթների տիրույթում է գտնվում, և ուրեմն չի՞ կարծում պատգամավորը, որ այստեղ անձերի, այլ ոչ թե՝ կառույցի խնդիր կա, այսինքն` եթե նրանց այդ գործիքակազմը ընձեռված է, բայց իրենք չեն կիրառում, խնդիրը կառույցի՞, թե՞ ԲԴԽ նախագահի ու անդամների մեջ է, Գևորգ Պետրոսյանն ասաց.

«Եթե մենք շարունակ պնդենք, որ սա անձերի խնդիր է… Փաստորեն երկրորդ սերունդն է փոխվում արդեն ԲԴԽ-ում: Առաջին սերունդը մեծամասամբ հրաժարական տվեց, բացառությամբ երկու գիտնական անդամների, փոխեցին նաև դատավորների կազմը: Այսինքն` քանի սերունդ է փոխել, որ հասկանանք, որ ԲԴԽ-ն մեռալածին մարմին է: Եթե այս կազմն էլ փոխենք, գա երրորդ կազմը, ես խորապես համոզված եմ, որ դրությունը չի փոխվելու: Հետևաբար՝ պետք է վերանայել նման մարմին ունենալու անհրաժեշտությունն առհասարակ: Պետական բյուջեից ահռելի գումար է գնում այդ մարմնի, նրա աշխատակազմի, գործառույթների կազմակերպման վրա»:  ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ այդ մարմինն այսօրվա դրությամբ օգտակար գործողության որևէ գործակից չի ցուցաբերել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել