Hraparak.am-ը գրում է.

Սաջիդ Ջավիդը նշանակվել է բրիտանական գանձարանի կանցլեր կամ ֆինանսների նախարար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ֆինանսների նախարարը իր կարեւորությամբ երկրորդն է բրիտանական կառավարության կառուցվածքում։ Ֆինանսների նախարարությունը տեղակայված է Դաունինգ սթրիտ 11-ում, այսինքն՝ վարչապետի նստավայրի հարեւանությամբ։

Հիշեցնենք, որ վարչապետի նստավայրը գտնվում է Դաունինգ սթրիտ 10 հասցեում։ Մինչ այս, Ջավիդը զբաղեցնում էր ՆԳ նախարարի պաշտոնը։ Նոր վարչապետի ընտրապայքարում համարվում էր ֆավորիտ թեկնածուներից մեկը։ ՆԳ նախարարի պաշտոնը վստահվել է Պրիտի Պատելին։ Նա 2016-17 թթ զբաղեցրել է Միջազգային զարգացման նախարարի պաշտոնը, սակայն հրաժարական է տվել, անհաջող աշխատանքի պատճառով։ Պատելն հնդիկ վերաբնակչի ընտանիքից է։ Նրա ընտանիքը Միացյալ Թագավորություն տեղափոխվել է Ուգանդայից անցյալ դարի վաթսունականներին։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնը վստահվել է Դոմինիկ Ռաաբին։ Նա մինչ այս զբաղեցնում էր «Բրեքսիտի» հարցերով նախարարի պաշտոնը։ Ռաաբը չափավոր եվրասկեպտիկ է։ Պաշտպանության նախարարի պորտֆելը հասել է Բեն Վոլեսին, ով մինչ այդ զբաղեցնում էր ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը եւ համակարգում անվտանգության հետ կապված հարցերը։ «Բրեքսիտի» հարցերով նախարար է նշանակվել Սթիվեն Բերքլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել