Shamshyan.com-ը գրում է.

Երեկ, հուլիսի 24-ին կրակոցեր են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Գերցենի փողոցի թիվ 20 տան մոտ կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ նշված տան մոտ փողոցով անկանոն երթևեկելու հանգամանքի շուրջ վիճաբանություն է առաջացել նշված տան բնակիչ 44-ամյա Մանուել Գասպարյանի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ Մ․ Գասպարյանը դիտողություն է արել այդ քաղաքացուն։

Որոշ ժամանակ անց այդ քաղաքացին իր մի քանի ընկերների հետ վերադարձել է Մ․ Գասպարյանի տան մոտ ու դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել, որից հետո իր ընկերների հետ հեռացել են։

Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճ։

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նշված անձին, այնպես էլ նրա հետ եկած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբելերու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները գիտեն՝ ով է այդ անձը։ Իսկ Մ․ Գասպարյանը տարիներ առաջ մահացած, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության հիմնադիր-նախագահ Մանուկ Գասպարյանի տղան է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել