Tert.am Life-ը գրում է.

Այս շաբաթ եթերում կլինի Women’s Club նախագծի առաջին եթերաշրջանի վերջին հաղորդումը։ Նախագիծը «Շանթ» հեռուստաընկերության եթերում է 2018 թվականի հոկտեմբերի 13-ից։ Հեռարձակման վերջին երկու ամսվա ընթացքում կանանց ակումբը լքեցին մասնակիցներից երկուսը՝ Լիլի Մորտոն և Անահիտ Կիրակոսյանը։ Լիլին զերծ մնաց պատճառները մանրամասնելուց, իսկ Անահիտը հայտնեց, որ պատճառն իր զբաղվածությունն  ու բալիկների խնամքն է։  

Tert.am Life-ը նախագծի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանի հետ զրուցել է Լիլիի և Անահիտի հեռանալուց հետո նախագծի վարկանիշի, կանանց ակումբում՝ տղաներին ավելի հաճախ բեմին տեսնելու, սպասվող համալրումների և եթեր վերադառնալու ժամկետների մասին։

Վլադիմիրը, ամփոփելով եթերային 10 ամիսները, նախ ընդգծեց, որ Women’s Club-ը կոմերցիոն հեռուստաալիքի համար արված կոմերցիոն նախագիծ է և իրենք դաստիարակչական կամ կրթական գործառույթ իրականացնելու խնդիր իրենց առջև չեն ունեցել․ «Women’s Club-ը հաջողված է կոմերցիոն տեսանկյունից, ես չեմ կարող պատասխանել այն հարցերին, որոնք կարող են տալ, օրինակ, Հանրային հեռուստաընկերության պարագայում»։ Հստակեցմանը՝ պրոդյուսերը նկատի ունի դաստիարակչական գործառույթի բացակայությունն ու նախագծում հնչող հումորների թեմա՞ն, Վլադիմիրն արձագանքեց․ «Այո, խոսքն այդ մասին է։ Մարդիկ ենթադրում են, որ մենք կոմերցիոն հեռուստաընկերությամբ, կոմերցիոն նախագծի միջոցով մեզ վրա նման առաքելություն պետք է վերցնենք։ Մենք մեր առաջ նման խնդիր չենք դրել, նման մանդատ էլ չունենք, որովհետև դա կոմերցիոն առումով մրցունակ չէ»։

Պրոդյուսերի խոսքով՝ նախագծի վարկանիշը բարձր է, մեկնաբանությունները՝ դրական․ «Women’s Club-ն ունի չափազանց բարձր վարկանիշ։ Այս ամիսների ընթացքում այն իր ժամին մնացել է վարկանշային սանդղակի առաջին հորիզոնականում։ Իհարկե, եղել են սուբյեկտիվ տեսակետներ, որոնք, բնականաբար, պետք է լինեին, որովհետև հնարավոր չէ անել մի բան, որը  բոլորին դուր կգա»։

Ինչ վերաբերում է Լիլի Մորտոյի և Անահիտ Կիրակոսյանի հեռանալուց հետո նախագծի վարկանիշին,  պրոդյուսերն ասաց․ «Կարելի է ասել, որևէ կերպ չի ազդել, որովհետև ներկայումս վարկանիշի տատանումներ նկատվում է, առանց բացառության, բոլոր նախագծերի մոտ։ Որքան օրերը երկարում են, այնքան քիչ մարդ է «փրայմ թայմ»-ին տանը լինում և հեռուստացույց նայում։ Մեր դեպքում դա փոխհատուցվում է համացանցային դիտումների միջոցով: Women’s Club-ի հեռուստատեսային տարբերակի դիտողականությունը պակասել է, ինչը չենք ասի համացանցի մասին։ Մենք մեր դիրքերը պահպանել ենք, ուղղակի համեմատաբար ցածր ցուցանիշներով։ Նույն տրամաբանությամբ շարունակելով՝ աշնանը կրկին բարձր վարկանիշով կվերադառնանք»։

Վլադիմիրի խոսքով՝ արձակուրդ գնալու որոշումն իրենք նախապես են կայացրել, քանի որ առանց դադարի աշխատելը ֆիզիկապես դժվար է։ Վերջինս վստահեցրեց, որ մեկ ամիս հետո նախագիծը կրկին եթերում է լինելու։ Թե ինչ փոփոխություններ ու համալրումներ կլինեն, պրոդյուսերը դժվարացավ ասել՝ նշելով, որ առայժմ որևէ որոշված բան հստակ չէ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել