Հուլիսի 8-ին հրապարակվեց ամերիկյան IRI ինստիտուտի՝ 2018-ի հոկտեմբերին եւ 2019-ի մայիսին Հայաստանի վերաբերյալ իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունը։ Հետազոտությունը պարունակում է մի շարք բաժիններ, որոնք այս կամ այն կերպ քննարկման առարկա դարձան: Ուշադրությունից, սակայն, կարծես վրիպեց այն, որ այդպես էլ չհրապարակվեցին Ն. Փաշինյանի և Ա. Սարգսյանի անհատական վարկանիշները, իսկ դրանք կան (նախագահի և վարչապետի աշխատակազմերի վարկանիշերի հետ չշփոթել): Բացի վերոհիշյալից՝ առկա են նաև այլ հետազոտություններ, որոնց մասին պարբերաբար հրապարակումներ են լինում մամուլում՝ տարբեր ենթատեքստերով և մանիպուլյացիաներով: Ինչպես հիշատակված, այնպես էլ մյուս հետազոտությունները ունեն ընդհանրություններ․ անկախ մեթոդաբանության տարբերություններից՝ նրանք փաստում են, որ Ն. Փաշինյանի վարկանիշը իջնում է և... ուշադրություն, Արմեն Սարգսյանի ու Ն. Փաշինյանի վարկանիշների միջև կա նվազագույնը տասը տոկոսի տարբերություն՝ հօգուտ Արմեն Սարգսյանի: Թերևս եթե ոչ հիմնական, ապա պատճառներից մեկն էլ այդ էր, թե ինչու այդ վարկանիշերը չհրապարակվեցին: Ակնհայտ է նաև, որ վարկանիշների միջեւ անդունդն աստիճանաբար խորանալու է։

Իհարկե, կարող է լինել հակադարձում, որ Արմեն Սարգսյանի վարկանիշը ավելի շատ «Սանտա Կլաուսի» (պաղպաղակ, համբուրգեր և այլն) վարկանիշ է, եւ առնվազն անլուրջ է այդ վարկանիշը համեմատել Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ, սակայն, կարծում եմ, յուրաքանչյուր հրապակային միջոցառմանը Դել Քարնեգիի ոճով ոգեշնչող ելույթներ արտասանող եւ դրանով դահլիճներ լցնող նախագահի վարկանիշը վաղ թե ուշ չար կատակ է խաղալու Նիկոլ Փաշինյանի եւ նրա պաշտելի քարոզիչների հետ։

Բացատրեմ․ երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասնի իր ամենացածր կետին (իսկ դա անխուսափելի է, և այդ պահն էլ սարերի ետևում չէ), Արմեն Սարգսյանն իր «սանտակլաուսյան» վարկանիշը ԿՏՐԱՆՍՖՈՐՄԱՑՆԻ կամ ԿԿԱՊԻՏԱԼԻԶԱՑՆԻ քաղաքական վարկանիշի նվազագույն կորուստներով, այսինքն՝ օգտագործելով կամ մաշելով այն անվտանգության բարձիկը, որն այս պահին արդեն գոյություն ունի նվազագույնը 10 տոկոս առավելության տեսքով: 

Ի դեպ, մի կարևոր հանգամանք ևս․ իրենք՝ իշխանական քարոզիչներն են նպաստում Ա. Սարգսյանի վարկանիշի ավելացմանը: Կհարցնեք՝ ինչպես։ Ասեմ: Ա. Սարգսյանը ֆեյքային հարձակումների (այն է` հայհոյանքների) գրեթե չենթարկված եզակի անձանցից է: Բանն այն է, որ իշխանական քարոզիչներն իրենց գրասենյակներում կամ տոտալիզատորներում զբաղված են ոչ միայն «Nikol prkich» կամ «purk varcapedin» այլև «me8 sireli naxagah» գրելով` սահմանադրական կարգի ՉՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ համար: Քանի որ Ա. Սարգսյանից քաղաքական դաշտի և ոչ մի դերակատար առանձնապես ակնկալիք չունի, նրա հասցեին երբեմն քննադատություններ լինում են, բայց ոչ երբեք թիրախավորված ֆեյքային գրոհներ, մինչդեռ Փաշինյանն իր թելադրած խաղի կանոններով քննադատվում է:
Արդյունքում, մինչիշխանական քարոզիչներն ինքնամոռաց հայհոյում են այլախոհներին, անընդհատ ընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Գահավիժում է Փաշինյանի վարկանիշը, շահում է «հայկական երազանքի» մարմնավորում Արմեն Սարգսյանը, իշխանական տերմինաբանությամբ՝ «հայհոյվում են» այլախոհները, «տուժվում» է Փաշինյանը, շահում է Արմեն Սարգսյանը։

Հ.Գ. Երբ չարիքի դեմ պատնեշներ կառուցելու փոխարեն ավելի ես սնուցում այն, ի վերջո այն սրբում-տանում է բոլորին։ Ու այդ հայհոյանքների ալիքը սրբել-տանելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, քանի որ այս ընթացքում վարչապետը չկարողացավ վերջ դնել ատելության այն մթնոլորտին, որ կա երկրում։ Նա չկարողացավ հայհոյանքների ալիքից պաշտպանել նույնիսկ սեփական ընտանիքը, ուր մնաց, թե մյուսներին։

Սա կարդալով՝ իշխանական քարոզչամեքենայի տարբեր օղակներ տարբեր կերպ կարձագանքեն․ իմաստը չհասկացածները` քմծիծաղ ու հերթական հայհոյանքի շարադրում, իմաստը հասկացածները` դառնությամբ կժպտան, գուցե ներսում անգամ հասկանան, բայց, ցավոք, հետևություններ չեն լինի: 

Հ.Հ.Գ. Եթե Արմեն Սարգսյանը հերթական հանդիպման ժամանակ իր սենյակում Նիկոլ Փաշինյանին կոնյակ հյուրասիրելիս հավաստիացրել է, որ նախագահի պաշտոնն իր երազանքների պաշտոնն է, քանի որ ամենալավ հարթակն է յոթը տարի ոչինչ չանելու եւ, ասենք, Ղազախստան երկարատեւ այցեր կատարելու համար, իսկ դուք էլ հավատացել եք, ապա մնացեք նույն պարզամիտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել