Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Շեյն Ֆրեդերիկը ներկայացրել է երեք հարցից բաղկացած ամենակարճ IQ թեստը, գրում է բրիտանական Mirror-ը:

Նշվում է, որ թեստը ստեղծվել է դեռևս 2005-ին, որպես ճանաչողական ունակությունների ստուգում, սակայն միայն վերջերս է հրապարակվել համացանցում:

Նոր թեստը ներառում է հետևյալ հարցերը.

1. Թենիսի ռակետն ու թենիսի գնդակը միասին արժեն 1.10 դոլար: Ռակետը գնդակից թանկ է մեկ դոլարով: Ի՞նչ արժե գնդակը:

2. Տեքստիլ գործարանի 5 մեքենաներ 5 րոպեի ընթացքում արտադրում են 5 ապրանք: Քանի՞ րոպեում 100 մեքենան 100 ապրանք կարտադրի:

3. Լճում ջրաշուշաններ են աճում: Ամեն օր դրանց թիվը կրկնապատկվում է: Հայտնի է, որ ջրաշուշանները ջրի մակերեսն ամբողջությամբ կծածկեն 48 օրվա ընթացքում: Քանի՞ օր կպահանջվի, որպեսզի ջրաշուշանները ծածկեն լճի մակերևույթի կեսը:

Գիտնականը նաև փորձ է անցկացրել տարբեր ոլորտներ ներկայացնող և կրթության տարբեր մակարդակ ունեցող 3000 մարդկանց շրջանում, որի արդյունքում մասնակիցների միայն 17%-ն է կարողացել ճիշտ պատասխաններ տալ:

Պրոֆեսորը նշում է, որ թեստը միայն առաջին հայացքից է հեշտ թվում, այն կարելի է հեշտ հասկանալ բացատրելու դեպքում, բայց ճիշտ լուծման համար անհրաժեշտ է հրաժարվել պատասխանից, որն առաջինն է գալիս մտքին:

Թեստի ամենատարածված պատասխաններն են, համապատասխանաբար, 10 ցենտ, 100 րոպե և 24 օր, որոնք, իհարկե, սխալ են: Իրականում ճիշտ պատասխաններն են՝ 5 ցենտ, 5 րոպե և 47 օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել