Hraparak.am-ը գրում է.

Իջեւանյան դեպքերը խախտել են հայաստանյան հասարակության անդորրը. այն անջրպետ է առաջացրել իջեւանցիների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ա՛յն իջեւանցիների, որոնք հեղափոխության օրերին իրենց բանուգործը թողել՝ եկել-լցվել էին մայրաքաղաք՝ սատարելու իրենց իջեւանցուն: Նրանցից շատերը գիշեր-ցերեկ չէին հեռանում Հանրապետության հրապարակից, այնտեղ ունեին իրենց հատուկ տարածքը, ամենուր հետեւում-հսկում էին Փաշինյանին, որ հանկարծ նրա անվտանգությանը որեւէ բան չսպառնա: Այսօր բարիկադների տարբեր կողմերում են հայտնվել իջեւանցիներն ու նրանց կողմից սիրված-պաշտված վարչապետը: 

Ինչպես բոլոր անհաջողություններում ու անցանկալի իրավիճակներում, այս անգամ էլ Փաշինյանը փորձում է կատարվածի մեջ ինչ-որ մութ ուժերից մեղավորներ մատնանշել: Մի դեպքում դրանք Սերժն ու Քոչարյանն էին, հետո՝ ԱԺ մեծամասնությունը՝ ՀՀԿ-ական պատգամավորները, օլիգարխները, անուհետեւ դատարաններն էին խանգարում երկրի զարգացմանը: Իսկ երբ այլեւս կոնկրետ մարդ չմնաց, որին հնարավոր է մեղադրել իրենց խանգարելու մեջ, սկսեց ինչ-որ անորոշ սեւազգեստ մարդկանց մատնանշել, որոնք խանգարում են իր հեղափոխական թիմին: Իջեւանյան սկանդալից հետո էլ վարչապետը զերծ չմնաց անհայտ ու կասկածելի մարդկանց մեղադրելու ու թիրախավորելու գայթակղությունից։ «Ես չեմ բացառում, որ այս գործողությունները նաեւ, այսպես ասած, թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, ովքեր անխուսափելիորեն կրելու են քրեական պատասխանատվություն»,- ասաց նա կառավարության նիստի ժամանակ: Այս անգամ էլ կոնկրետ անուններ չտվեց: Անուններ չտվեց նաեւ ԱԱԾ տնօրենը՝ պահպանելով խորհրդավորությունը:

Միգուցե անուններ ընդհանրապես չհնչեն, քանի որ, գուցե, դրանք չկան էլ: Իսկ օրերս Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակվեց հարցազրույց Փաշինյանի եղբորորդու՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ, որտեղ նա ցուցարարների մասին ասում է, որ հարբած են եղել։ Իսկ ըստ Փաշինյանի, դրանք նաեւ աշխատելու ցանկություն չունեցողներն են. «Մարզպետը բազմիցս հայտարարել է, որ մոտ 200 հոգու աշխատատեղ կա ճանապարհաշինական ընկերություններում՝ 8-15 հազար դրամ օրական աշխատավարձով: Այսօր առավոտյան աղբավերամշակման ընկերության տնօրենն էր ինձ զանգահարել եւ ասում էր, որ 20 աշխատատեղի խնդիր ունեն եւ չեն կարողանում աշխատող գտնել, խնդրում էր, որպեսզի օգնեմ իրեն, եւ տեղեկացրեց, որ եթե չկարողանանք Իջեւանում գտնել, հնարավոր է Երեւանից աշխատողներ բերեն: Այսինքն՝ այո՛, աշխատատեղեր կան, բայց աշխատելու ցանկություն ունեցողներ չկան»: Այս արտահայտությունները, բնականաբար, վիրավորական են իջեւանցիների եւ կոնկրետ՝ ցուցարարների համար: 

Լրագրողը հարց է տալիս Սիփան Փաշինյանին. «ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ այս ցույցերը կազմակերպված էին: Ովքե՞ր են այդ կազմակերպիչները, ի՞նչ նպատակներ են նրանք հետապնդում: Տեղեկություններ կան, որ այս ամենի հետ առնչություն ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Դուք այդ մասին տեղեկություն ունե՞ք»: Պատասխան. «Ես տեղեկություն չունեմ, թե ով կապ ունի: Այդ հարցի պատասխանն ուժային կառույցների տիրույթում է գտնվում, եւ վստահ եմ, որ կտան: Իսկ ինչ վերաբերում է կազմակերպիչներին, որոնք չեն երեւացել, թույլ տվեք ասել, որ, ըստ բնակիչների խոսակցությունների, մի զանգված կար, որոնց կոնկրետ օգտագործել են: Վստահ եմ՝ կպարզվի, թե ովքեր են նրանք, եւ օրենքի առաջ կկրեն խստագույն պատիժ»: 

ՀԺ-ի լրագրողն այս հարցազրույցում չէր կարող պատահականորեն շրջանառության մեջ դնել ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի անունը. սա հատուկ ռազմավարություն է, որ թեեւ ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց պնդումը, սակայն ընթերցողների մոտ կարողացան թիրախավորել շարքային մի ՀՀԿ-ականի: Փաստորեն, ըստ իշխանական քարոզչության, շարքային ՀՀԿ-ականներից մեկը, ով թեեւ խորհրդարանում խմբակցության քարտուղարն էր ժամանակին, բայց առանձնապես հեղինակություն ու վարկանիշ չուներ անգամ իր՝ Բերդի տարածաշրջանում, կարողացավ գալ Իջեւան, Փաշինյանների քթի տակ, «դուխով» վարչապետի ծննդավայրում այդքան մարդ ոտքի հանել ու մի լավ «դեբոշ» սարքել: Եթե այս ամենը կազմակերպված էր «սեւերի» ճամբարից, եւ այդ «սեւերի» ամենազորության սանդղակն իջել է մինչեւ Գագիկ Մելիքյանի հեղինակությանը, ուրեմն կարելի է փաստել, որ վարչապետ Փաշինյանի հեղինակությունն իր հարազատ ծննդավայրում զրոյից էլ ցածր է:

Եթե Գագիկ Մելիքյանը միայնակ կարողանում է Տավուշում բոլորին խառնել իրար, ապա ի՞նչ կլինի Փաշինյանի վիճակը, եթե այլ մարզերում, ասենք՝ Լոռիում, նման նախաձեռնությամբ հանդես գան տաշիրցի Կարապետյանները, Արարատում՝ Աբրահամյանները կամ Գրիգոյանները եւ այլն: Այս ամենը պետք է լուրջ մտահոգությունների տեղիք տա վարչապետին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել