Ուսանողուհին երկու տարի հրաժարվել է շամպունից ու մազերի կոնդիցիոներից և անսպասելի արդյունք է ստացել, գրում է Daily Mail-ը:

Այրիս Հայկինենը՝ ֆիննական Ինարի ավանից, բյութի բլոգերների շրջանում տարածում գտած շարժման հետևորդ է, որը ենթադրում է մազերը լվանալու միջոցներից լրիվ հրաժարում: Շարժման մասնակիցները կարծում են, որ մազերը կարող են ինքնամաքրվել բնական յուղերի հաշվին:

Երկար ժամանակ Հայկինենը տառապում էր գլխամաշկի քորից: Հիվանդությունից ազատվելու համար նա տարբեր միջոցներ է փորձել, այդ թվում՝ խնձորի քացախ և սոդա: Սակայն 2017-ի սեպտեմբերից նա մազերը լվանում է միայն ջրով և միայն մի քանի ամիսը մեկ ընդամենը մեկ կաթիլ կոկոսի յուղ է ավելացնում: 24-ամյա ուսանողուհու խոսքերով՝ այս մեթոդն ընդմիշտ փոխել է նրա կյանքը:

«Նախկինում ես մազերս մի քանի օրը մեկ լվանում էի, և դրանք չափազանց մաքուր էին: Արդյունքում, գլխամաշկս չորացավ, և քոր առաջացավ: Բայց երբ դադարեցի շամպուն օգտագործել, քորն անցավ: Սկզբում մի պահ կար, երբ մազերս յուղոտ տեսք ունեին, սակայն արժեր մի քիչ համբերել, և դրանք նորից նորմալ տեսք ստացան»,- պատմել է աղջիկը:

Ներկայումս Հայկինենը հաստ և առողջ մազեր ունի: Հաճախ շրջապատող մարդիկ չեն հավատում, որ նա հատուկ խնամքի միջոցներ չի օգտագործում, բայց խոստովանում են, որ հիմա դրանք ավելի լավ տեսք ունեն, քան երկու տարի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել