Hraparak.am-ը գրում է.

Մի քանի օր առաջ ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանից հետաքրքրվել էինք, թե ինչ կարող է ասել Նիկոլ Փաշինյանի՝ «Ազատությանը» տված հարցազրույցում դատավորների մասին արած մի շարք ոչ կոռեկտ արտահայտությունների վերաբերյալ։ Մակյանը խուսափել էր մեր հարցին պատասխանելուց։ «Միանգամից կանխեմ հարցը՝ Բարձրագույն դատական խորհուրդը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ, շուտով կհրապարակայնացվի, կտեսնեք»,- մեզ հետ զրույցում ասել էր Մակյանը՝ հավելելով․ «Ներկայացված դիրքորոշումը հավաքական է՝ ե՛ւ որպես դատավոր, ե՛ւ որպես ԲԴԽ անդամ։ Կկարդաք, դա նաեւ իմ դիրքորոշումն է»։

Անցել է երեք օր, բայց ԲԴԽ-ի հայտարարությունը չկա ու չկա։ Երեւի էլի համարձակությունները չի հերիքել պատասխանել՝ արձագանքելով «մեծարգո պարոն վարչապետին», որը դատավորների մասին հերթական ստորացնող, նվաստացուցիչ արտահայտություններն էր թույլ տվել։ «Գնացել են՝ անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ. մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում»,- ասել էր Փաշինյանը։

Եթե դատավորների դատարանի կարգավիճակ ունեցող այս մարմինը, որին վերապահվելու է դատական բարեփոխումների մեծ առաքելությունը, չի համարձակվում, չի կարողանում արձագանքել եւ դատական համակարգի «թասիբը» պահել, ապա պետք է արձանագրենք, որ այս համակարգն աղետալի վիճակում է, իսկ դատավորները՝ միանգամայն անպաշտպան։ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն էլ մեր հարցերին անորոշ ապատասխան տվեց՝ հարցը գցելով ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի վրա, թե նա լրատվամիջոցներից մեկում հյուր է լինելու եւ խոսելու է այդ մասին։ «Ես կարծում եմ, որ Գրիգոր Բեքմեզյանն էդ հարցի վերաբերյալ պետք է փորձի որոշակի տեղեկատվություն տալ Բարձրագույն դատական խորհրդի անելիքների մասին»,- ասաց Փոլադյանը։

Զանգահարեցինք նաեւ Մակյանին։ Նա էլ այսպիսի բացատրություն տվեց․ «Հա, ես նման հայտարարություն արեցի, որ պետք է ԲԴԽ-ն հայտարարություն տարածի, բայց ինձ հետ կապված որոշակի օբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝ այն առումով, որ ես, գիտեք, նոր ընտրված անդամ եմ, քննարկման արդյունքում ԲԴԽ անդամների հետ եկանք այն եզրահանգման, որ ամսի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը նմանատիպ հայտարարությունների վերաբերյալ արդեն իսկ հանդես է եկել դատապարտող տեքստով, ու որոշեցինք, որ ամեն անգամ հայտարարությամբ հանդես գալը ո՛չ իմաստ ունի, ո՛չ էլ․․․ որովհետեւ ԲԴԽ-ն, ըստ էության, իր մոտեցումները նմանատիպ հայտարարությունների վերաբերյալ ունի։ Կրկնվելու անհրաժեշտություն ուղղակի չտեսանք, դա էր պատճառը»։

Այսինքն՝ ինքը տեղյա՞կ չէր, որ ԲԴԽ-ն հայտարարություն չի տարածելու, Մեսրոպ Մակյանն ասաց․ «Չէ, տեղյակ էի, որ պետք է այդ մասին քննարկում լինի եւ հայտարարություն լինի։ Էդպիսի նախնական մոտեցում կար։ Բայց ընդհանուր քննարկումների արդյունքում եկանք նրան, որ կրկնվելու ենք, ունենք արված հայտարարություն, իմաստը չտեսանք կրկնվելու, այդքան բան»։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը կարող է պարբերաբար «բամփել» ԲԴԽ-ին, դատավորներին եւ ողջ դատական համակարգին ու պատասխան չստանալ, եւ ԲԴԽ-ն «կբավարարվի» ընդամենը մի անատամ հայտարարությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել