Pastinfo.am-ը գրում է.

Ըստ ամենայնի իշխանությունների մոտ առկա է լուրջ մտավախություն միջազգային հեղինակավոր կառույցներից իրենց համար «ոչ ցանկալի» փորձագիտական կարծիք ստանալու հետ կապված։  ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասել է ‹‹Իրավական ուղի›› հկ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից Ռ. Քոչարյանի գործով ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելուն:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշումներ է ընդունել Քոչարյանի գործով ներկայացված դիմումների քննությունը կասեցնելու եւ Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ դիմելու համար, ինչը քննադատաբար ընդունվեց, մասնավորապես իշխանամետ գործիչների կողմից։

Տիկին Սահակյանին խնդրել էինք մեկնաբանել, թե ինչու՞ այդպես սվիններով ընդունվեց ավելի քան մեկ տարի երկրի քաղաքական-հասարակական առօրյան զբաղեցնող հարցի վերաբերյալ անկախ դիտորդներից կարծիք ստանալու ՍԴ նախաձեռնությունը։ Ի վերջո, բոլորովին վերջերս արդարադատության երիտասարդ նախարարն ինքն էր խնդրել, որ Վենետիկի հանձնաժողովը կարծիք հայտնի դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ, սակայն մեկ այլ խիստ կարեւոր գործով նման նախաձեռնությունը իշխանությունները ծանր ընդունեցին։

«Սահմանադրական դատարանի կողմից գործադիր իշխանության համար «ոչ ցանկալի» որոշում կայացվելու դեպքում իշխանությունը հնարավորություն կունենար շահարկել Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային «անվստահությունը»՝ տարբեր «դավադրության տեսություններ» հնարելով։ Այս պարագայում, եթե Սահմանադրական դատարանի որոշումը հիմնվի միջազգային հեղինակավոր կառույցներից ստացած փորձագիտական կարծիքի վրա, ապա իշխանությունը կզրկվի այդ խաղաքարտը շահարկելու անսպառ հնարավորությունից»,- ասել է Ս.Սահակյանը։

Մեր այն հարցին, որ փաստաբան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, թե ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով ՍԴ-ի կողմից դիմելը վկայում է Սահմանադրական ճգնաժամի մասին, արդյոք սրանից հետեւելով կարող ենք ասել, որ ունենք գործադիրի կառավարման ճգնաժամ, քանի որ կառավարությունը օրենսդրական տարբեր նախագծերի վերաբերյալ դիմում է Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու ակնկալիքով՝ Սահակյանը նկատեց. «Բնականաբար, եթե առաջնորդվեինք ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի տրամաբանությամբ, ապա պետք է փաստեինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը և գործադիր իշխանությունը սույն թվականի հուլիսին Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի կողմից համատեղ հիմնված Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնության փորձագետներին դիմելիս գտնվել են ճգնաժամի մեջ»։

Նա նշեց, որ այդ տրամաբանությամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Դողու Փերինչեքը Շվեյցարիայի դեմ գործով 3 պետություների՝ Թուրքիայի, Ֆրանսիայի, Հայաստանի կառավարություններից և 8 հասարակական կազմակերպություններից խորհրդատվական կարծիքներ ստանալիս գտնվել է խորը ճգնաժամի մեջ։

«Ավելորդ է անգամ խոսել, թե ինչպիսի ճգնաժամի մեջ էր Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 12-ին ՄԻԵԴ կամ Վրաստանի (6 գործ), Մոլդովայի (7 գործ), Ալբանիայի (6 գործ), Բոսնիայի (6 գործ), Հյուսիսային Մակեդոնիայի (2 գործ), Ուկրաինայի (1 գործ), Ղազախստանի (1 գործ), Պերուի (1 գործ) Բարձր դատարանները Վենետիկի հանձնաժողով դիմելիս»,- ասել է Ս.Սահակյանը։

Ըստ նրա՝ իրականությունն այն է, որ միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցելը և խորհրդատվական կարծիքներ ընդունելը ոչ միայն միջազգային հանձնառություն է պետությունների կողմից, այլև, ինչպես տեսնում ենք, լայնորեն կիրառվող պրակտիկա, ուստի իշխանության կողմից նման հայտարարությունները անհրաժեշտ է դիտարկել միայն որոշակի քաղաքական շահերի կոնտեքստում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել