168.am-ը գրում է.

Հուլիսի 17-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

Խուզարկության օրը Հատուկ քննչական ծառայությունը հաստատել էր լուրը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են:

Քրեական գործի հարուցումը, որը մատնանշել էր ՀՔԾ-ն, փետրվարին ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել էր, և գործը հարուցվել է այն բանից հետո, երբ Դավիթ Գրիգորյանը, բավարարելով միջնորդությունը, կալանքից ազատել էր Ռոբերտ Քոչարյանին:

Խոսքը Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին է (Պաշտոնեական կեղծիքը. 1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Եվ թեպետ պատկան մարմինները, միմյանց հերթ չտալով, հանրությանը համոզում էին, որ դատավորի աշխատասենյակի խուզարկությունը որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, այնուամենայնիվ, խիստ անհասկանալի է, թե այդ դեպքում 314-րդ հոդվածի որ դիսպոզիցիային համապատասխան են աշխատասենյակից առգրավվել կրիչներ, որոնցում եղել են Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող նյութեր:

«Առգրավել են այդ գործին չառնչվող, այլ բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ: Խուզարկության գործողության ժամանակ չեն պատճառաբանում, թե ինչու են առգրավում այս կամ այն փաստաթուղթը կամ կրիչը, սակայն մենք դիմել ենք թե գլխավոր դատախազին, թե Բարձրագույն դատական խորհրդին, Մարդու իրավունքների պաշտպանին` Դավիթ Գրիգորյանի բոլոր հիմնարար իրավունքների խախտման ու դրանք անհապաղ վերացնելու համար»,- 168.am– հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը:

Մեր հարցին, թե ի՞նչն էր հատկապես նրանց հետաքրքրում` Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված, Գեորգի Մելիքյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ի՞նչն էր հետաքրքրում, ընդամենը կարող է ասել, թե նրանք ի՞նչ են արել:

«Ապօրինի կերպով, առանց դատարանի որոշման՝ խուզարկել են դատական նիստերի քարտուղարի աշխատասենյակը, որտեղից առգրավել են հենց Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերելի միջնորդություններ և կրիչներ»,- նշեց փաստաբանը` հավելելով, որ տեղում նայել են, ստուգել, համակարգչով գործարկել, պարզել են, որ դրանք 314-րդ հոդվածի գործի հետ որևէ առնչություն չունեն, բայց և այնպես առգրավել են:

Այլ մանրամասներ Գեորգի Մելիքյանը խոստացավ հայտնել դատախազության և ԲԴԽ-ի արձագանքներից հետո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքը` Դավիթ Գրիգորյանը, կասկածներ էր հայտնել, որ իր շուրջ ստեղծված գործընթացը կարող է կապ ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

«Հանդիպեցինք իր հետ, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները: Տվեցինք մեզ հուզող բոլոր հարցերը՝ կապված և՛ իր մտահոգությունների, և՛ մեր մտահոգությունների հետ, որովհետև մենք էլ ունենք որոշակի հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ: Ինքը հայտնեց իր կասկածները, որ այս գործը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ: Հիմա մենք դիմելու ենք գործը հսկող դատախազին, որպեսզի վերջինից էլ մի քանի պարզաբանում ստանանք, որի արդյունքում կձևավորվի մեր վերջնական դիրքորոշումը, և կկատարենք մեր հայտարարությունը»,- ասել էր Բեքմեզյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել