Aysor.am-ը գրում է.

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է 2019թ. առաջին կիսամյակում կատարված հիմնական աշխատանքները:

Կատարած հիմնական աշխատանքներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություն է իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ մարզպետարաններին և ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկվել են համապատասխան գրություններ, որոնցով առաջարկվել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված են եղել ոլորտն ազատականացնելուն։ Ոլորտն ազատականացնելու անհրաժեշտությունը բխել է մշտադիտարկման արդյունքում պարզված այն հանգամանքից, որ 2015-2018 թվականների ընթացքում հեմոդիալիզի սարքավորումներ և պարագաներ են ներմուծվել թվով 8 կազմակերպությունների կողմից, որոնցից 2 կազմակերպություններ՝ «Ֆրեզեն» և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները, ներմուծել են   ընդհանուրի 82.9%-ը՝ համապատասխանբար 41.7% և 41.2% մասնաբաժիններով։

Ընդ որում, ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն») հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, իսկ մնացածին՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ։ Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի փետրվարի 11-ի թիվ Հ/001-19 հանձնարարագրի հիման վրա սկսված ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով, ինչի արդյունքում հարուցվել   են քրեական գործեր:

Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ Հ/017-18 և 2019 թվականի մարտի 19-ի թիվ Հ/003-19 հանձնարարագրերի հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվել «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ» և «Արարատ» ջրօգտագործողների ընկերություններում։ Ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում արձանագրվել են չհիմնավորված ծախսեր, պակաս արտացոլված հասույթներ, իրականությանը չհամապատասխանող դեբիտորական պարտքեր, անորակ հիմնանորոգման աշխատանքներ, կանոնադրական և իրավական խախտումներ։ «Արմավիր» ՋՕ ընկերությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խախտումների արդյունքում պատճառված վնասը կազմել է շուրջ 1099.2 մլն. ՀՀ դրամ, «Էջմիածին» ՋՕ ընկերությունում՝ 1123.9 մլն. ՀՀ դրամ, «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունում՝ 1071.2 մլն. ՀՀ դրամ, «Արարատ» ՋՕ ընկերությունում՝ 644.2 մլն. ՀՀ դրամ: Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են տեղեկանքներ և ներկայացվել են ՀՀ վարչապետին, այնուհետև ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով: Տրամադրված տեղեկանքի հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել