Թուրքմենական ընդդիմադիր «Թուրքմենստանի քրոնիկոն» պորտալը գրում է, որ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անհետացումը տեղեկատվական դաշտից ոչ թե իր մահվան, այլ իր մոր ծանր հիվանդության հետ է կապված:

Պորտալի տվյալների համաձայն՝ Թուրքմենստանի նախագահի մայրը՝ Օգուլաբաթ Բերդիմուհամեդովան, արդեն 10 օր Գերմանիայում է՝ բուժման: Նրա վիճակը ծանր է գնահատվում: Հենց տասն օր առաջ էլ Բերդիմուհամեդովն անհետացել է տեսադաշտից:

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Բերդիմուհամեդովը մոտ 2 շաբաթ է՝ չի հայտնվել հանրության առաջ: Հուլիսի 15-ին պետական հեռուստաալիքները հայտնել էին, որ նա մեկնել է արձակուրդ, որը նվիրել է իր հերթական գիրքը գրելուն: Միևնույն ժամանակ որոշ լրատվամիջոցներ էլ գրել են, որ հուլիսի 12-ին նախագահական օդանավը վայրէջք է կատարել Գերմանիայում:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր Թուրքմենստանի նախագահի մահվան մասին: Ավելի ուշ Թուրքմենստանի նախագահի «մահվան» մասին հաղորդած քաղաքագետը՝ Եվրասիական խնդիրների մոնիթորինգի տնօրեն Ասլան Ռուբաևը ներողություն է խնդրել ապատեղեկատվության տարածման համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել