ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում թվեր է հրապարակել մեքենաների ներմուծման ու մաքսազերծման վերջին տվյալների մասին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ուզում եմ հրապարակել որոշ թվեր, ապա հանրությանը տեղյակ պահել արդեն իսկ իրականացված և իրականացվելիք աշխատանքների մասին:
2018 թ․-ին ներմուծվել է մոտ 67000 ավտոմեքենա: Այս ամսվա վերջին այդ ցուցանիշն արդեն անցած կլինի, և կունենանք մոտ 70000 ձևակերպում: Այս մեծաքանակ ներմուծումները պայմանավորված են 2020թ․-ից ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով:
Կատարված աշխատանքներ
Կանխատեսելով ներմուծման աճը՝ 2019թ հունվար ամսից սկսած Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանեցինք 6-օրյա աշխատանքային շաբաթ, ինչպես նաև ավելացրինք 5 ձևակերպող տեսուչ: Սրան զուգահեռ՝ սկսեցինք նաև բավականին ակտիվ ավտոմեքենաներ ձևակերպել հանրապետության բոլոր մաքսատներում, ինչպես նաև ավտոմեքնաների բեռնաթափում իրականացնել մաքսային պահեստներում: Այսօրվա դրությամբ օրական մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500-ը՝ Նորագավիթում:
Սպասվող փոփոխություններ
- Օգոստոսի 1-ից Նորագավիթի բաժիններում աշխատելու են 7-օրյա գրաֆիկով, և այս նպատակով ավելացվելու է ևս 6 աշխատակից,
- Մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին,
- «Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է և շատ կարճ ժամկետներում ավտոմեքենաներ կձևակերպվեն նաև հենց այս պահեստում։
Ուզում եմ նշել, որ այս ամենին համալիր լուծում տալու նպատակով շատ կարևոր է վարչապետի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարականը, որտեղ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները և կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար: Հանձնարարականի առնչությամբ լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են և, ինչպես վարչապետը հայտարարեց, ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի մինչև տարեվերջ»: