Armsport.am-ը գրում է.

Հուլիսի 23-24-ը Վանաձորը կհյուրընկալի ավելի քան 100 ըմբիշի, որոնք կպայքարեն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային 24-րդ մրցաշարի չեմպիոնի կոչման համար:

ArmSport.am-ը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանից տեղեկացել է, որ մրցաշարին մասնակցելու են ըմբիշներ Ռուսաստանից, Բելառուսից, Հունաստանից և այլ երկրներից.

«Ստեփան Սարգսյանի մրցաշարին Ռուսաստանը կներկայանա 55 ըմբիշով, Ղազախաստանը կունենա 35 ներկայացուցիչ, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հունաստանը կունենան 3-ական ներկայացուցիչ, իսկ Հայաստանից մրցաշարին կմասնակցի 40 ըմբիշ:

Մասնակիցների թվում լինելու են Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ, մրցանակակիրներ՝ Խետիկ Ցաբոլովը, Սոսլան Կցոևը և այլք»,- ասում է Արայիկ Բաղդադյանը:

Հայ ըմբիշների համար Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարն առանձնակի կարևորություն ունի՝ այն ընտրական է սեպտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնության համար: Արայիկ Բաղդադյանը ոչ ոքի չի առանձնացնում.

«Հույս ունենք՝ մեր բոլոր ըմբիշներն էլ հաջող ելույթ կունենան: Գորգը ցույց կտա ուժեղագույններին»:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային գումարը 24 հազար դոլար է: Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը տեղեկացրեց, որ չեմպիոնները կստանան 1000 դոլար, արծաթե մեդալակիրները՝ 500 դոլար, բրոնզե մեդալակիրները և անձնական մարզիչները՝ 300-ական դոլար: Մրցանակային ամբողջ գումարը տրամադրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել