Վենետիկի ոստիկանությունը 950 եվրոյով տուգանել է Գերմանիայից ժամանած երկու զբոսաշրջիկներին` Ռիալտո կամրջի վրա սուրճ պատրաստելու համար: Այս մասին հաղորդել է BBC-ն:

Հաղորդվել է, որ զբոսաշրջիկներին խնդրել են նաև հեռանալ Վենետիկից: Իրավախախտումը նկատել է անցորդներից մեկը: Նա տեղեկացրել է ոստիկաններին, որոնք տուգանել են Գերմանիայի քաղաքացիներին:

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն զբոսաշրջիկներին անվանել է «անդաստիարակ մարդիկ» և հայտարարել է, որ քաղաքի հյուրերը պարտավոր են հարգել այն: «Շնորհիվ տեղական ոստիկանության՝ նրանց (Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկներին) կպատժեն և կստիպեն լքել քաղաքը»,- ավելացրել է նա:

Վենետիկի բնակիչները վաղուց է, ինչ դժգոհություն են հայտնում մեծ թվով զբոսաշրջիկների հետ կապված․ մեկ տարվա ընթացքում մոտ 30 միլիոն մարդ է այցելում քաղաք: Այս կապակցությամբ մտցվել են մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես՝ Վենետիկի հյուրերին արգելվում է հանրային վայրերում պիկնիկներ անցկացնել:

Ռիալտո կամուրջը (Ponte di Rialto) Վենետիկի Գրանդ ջրանցքի չորս կամուրջներից ամենահինն է և հանդիսանում է քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել