Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը նորից բախվեց Երևանի քաղաքապետարանի իրավական անգրագիտությանը: Արդեն հաշիվս կորցրել եմ, թե որքան աղաղակող խախտումներ կան այս գործընթացում: Անգամ մի կողմ էի դրել իմ իրավական սկզբունքները և նոր դիմում էի մուտքագրել, սակայն այն ևս հանդիպեց իրավասուների կամ նրանց դրդիչների երևակայական պատնեշներին: Ակնառու է, որ քաղաքապետարանը չի ուզում, որ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը գովազդվի: Երևի ինչ-որ թաքնված վտանգներ է տեսնում անգամ գրքի անվանումից և հեղինակի անունից, որ սասանվում է ու դարակազմիկ ապօրինություններ անում:

Հիմա՝ բուն խնդիրը: Գովազդի թույլտվության դիմում էի ներկայացրել: Վարչական շրջանների տեղապահները դիմումի ուսումնասիրության արդյունքներով գտել էին, որ ես ունեմ լիազորագրային խնդիրներ, իբր թե ես լիազորված եմ ներկայացնելու տնօրենին՝ որպես ֆիզանձի, այլ ոչ թե ՍՊԸ-ի ղեկավարի: Նշեմ, որ լիազորագրի մեջ հստակ վերապահում կար, որ տնօրենը հանդես է գալիս որպս ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավար, և ինձ լիազորում էր հանդես գալ ՍՊԸ-ի անունից: Լավ, գուցե ստեղ կան վիճելի հարցեր, սակայն ինչպե՞ս հասկանալ վարչական շրջանների նաչալնիկների այն պահանջը, որ, ի հավաստումն տնօրենի լիազորությունների, պետք է ներկայացնեմ նաև ընկերության պետգրանցման քաղվածքը և կանոնադրությունը: Գուցե վաղն էլ տեղեկա՞նք ուզեք, որ իմ ներկայացրած տեղեկանքներն իսկական են: Կամ գուցե ԺԵԿ-ից թո՞ւղթ բերեմ վկայի տնօրենի աշխատանքի ներկայանալու մասին: 

Հարցի իրավական ասպեկտները

Համաձայն Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի՝ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:

Վկայակոչված նորմի ուժով, իմ ներկայացրած փաստաթղթերի համաձայն, դրանում նշված անձը հանդիսանում է ընկերության տնօրեն, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Այնուհետ, նույն հոդվածի համաձայն, արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:

Ինձանից պահանջվել է ներկայացնել ընկերության պետգրանցման քաղվածքը և կանոնադրությունը այն դեպքում, երբ այդպիսի պահանջ որևէ նորմատիվ իրավական ակտով չի սահմանվում: Բացի այդ՝ ինձանից պահանջվել է բերել փաստաթղթեր, որոնք հավաստելու են նախկինում ներկայացրած փաստաթղթերը:

Եվ վերջապես, եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:

Կարծում եմ՝ ակնառու է, որ փաստաբանից վերը նշված տվյալների պահանջը որևէ աղերս չունի քաղաքապետարանի ինքնուրույն և իր հաշվին միջոցների ձեռնարկման հետ: 

Ինչևէ, գիտակցելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը դարձել է քաղաքական խնդիրների լուծման միջոց, և որ այստեղ վաղուց իրավական ոչինչ չկա, պահանջվող փաստաթղթերը ևս ներկայացրել եմ: 

Սպասենք հետագա զարգացումներին, լիահույս եմ, որ քաղաքապետարանը կգիտակցի, որ Գիքորն էլ չէր ուզում քաղաք գնալ, բայց ստիպելով տարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել