Hraparak.am-ը գրում է.

Երբ ժամանակին գրագետ մարդիկ զգուշացնում էին, որ չի կարելի արգելափակել դատարանների դռները, եւ պարզունակ պատասխան էին ստանում՝ դա արվել է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը չվերագրվի վարչապետին, զգուշացնողները գիտեին, որ մի օր Վենետիկից կամ Ստրասբուրգից մեզ այս արգելափակման հետ կապված դեղին քարտ են ցույց տալու։ Երբ ժամանակին խելոք մարդիկ ասում էին, որ չի կարելի հայտարարել, թե «Ռուսաստանը պետք է ադապտացվի Հայաստանին», Պուտինի ընդգծված ուշադրությունը Քոչարյանի հանդեպ պետք չէ արհամարհել, իսկ Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի կողմից լավ չի ընկալվելու, պարզ էր, որ դրանք եւ այլ դրսեւորումներ ազդելու են հայ-ռուսական հարաբերությունների վրա։

Երբ սկսեցին խոսել վեթթինգի մասին, եւ որոշ իրավաբաններ զգուշացնում էին, որ նման կտրուկ միջոցների կարիք մեզանում չկա, քանզի օրենսդրությունը բոլոր հնարավորությունները տալիս է՝ առանց հեղափոխական միջոցների դատական համակարգն առողջացնելու։ Երբ Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանն աղմկահարույց հայտարարություններ էր անում ԱԺ-ում, եւ «Իմ քայլի» պատգամավորներն էլ բուռն ոգեւորությամբ ողջունում էին նրան, էլի որոշ իրավաբաններ զգուշացնում էին, որ դա դիտվելու է ՍԴ նախագահի պաշտոնի զավթում, եւ այդ ինքնահռչակման ակցիան միջազգային կառույցները չեն ողջունելու, ինչպես չողջունեցին վեթթինգի գաղափարը։

Հիմա էլ վստահաբար կարելի է ասել, որ բոլոր այն քրեական գործերը, որոնք ավարտին կհասնեն՝ Մանվել Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի եւ այլոց, գնալու են Եվրադատարան եւ հերթական ապտակի տեսքով մի օր վերադառնալու են Հայաստանի Հանրապետություն։ Այնպես որ՝ ամեն քայլից առաջ պետք է մի քիչ մտածել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել