ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտնել է, որ Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու թեման Մոսկվայի համար այս պահին փակ է, այդ թվում` գինու արտադրանքի վերաբերյալ: Ռուսաստանը, փոխնախարարի խոսքերով, փորձում է հնարավորինս զգույշ մոտենալ այլ երկրների նկատմամբ ցանկացած սահմանափակումային միջոցների ներդրման հարցին:

Կարասինը նշել է, որ ՌԴ պետդումայում Թբիլիսիում հունիս-հուլիս ամիսներին տեղի ունեցած բողոքի ակցիաների ֆոնին իսկապես քննարկվել է վրացական գինիների և հանքային ջրի մատակարարման սահմանափակումների հարցը:

«Սակայն ՌԴ նախագահը կոչ արեց զսպվածություն ցուցաբերել և հանդես եկավ հօգուտ հավասարակշռված մոտեցման` միևնույն ժամանակ առաջնորդվելով մեր շահերով և, ինչպես նրա կողմից հատուկ նշվեց, վրացի ժողովրդի հանդեպ հարգանքով: Այսպիսով` Վրաստանի նկատմամբ «գինու» պատժամիջոցների հարցն այսօր փակված է»,- ասել է Կարասինը:

Փոխնախարարը նաև բացատրել է, որ հուլիսի 8-ից ուժի մեջ մտած Վրաստան ավիափոխադրումների արգելքի մասին ՌԴ նախագահի հրամանագիրը ժամանակավոր բնույթ է կրում: «Այն չեղյալ համարելու պայմանները հստակորեն նշված են՝ Վրաստանում տիրող իրավիճակի կայունացում, ռուսատյացության քարոզչության դադարեցում և մեր քաղաքացիների անվտանգության սպառնալիքների անհետացում»,- ասել է նա:

Կարասինը շեշտել է, որ Մոսկվան տրամադրված է երկկողմ հարաբերությունները կարգավորելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել