Ինչո՞ւ 2008թ. մարտի 1-ին ոստիկանների վրա քարեր ու մոլոտովի կոկտեյլներ նետողները, ինչպես նաև կրակոցներ արձակողները հպարտ և ազատատենչ քաղաքացիներ էին և արժանի էին բյուջետային փոխհատուցում ստանալու, իսկ ահա 2019թ. հուլիսի 17-ին Իջևանում ճանապարհ փակողները և ոստիկանների վրա քարեր նետողները՝ օրինախախտ քաղաքացիներ ու համարյա «սևեր»։ Իջևանում տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրվելո՞ւ է։

Ինչո՞ւ 2019թ. դեպի Վրաստան տանող մայրուղին համարվում է ռազմավարական, որը չի կարելի անգամ 1 րոպե փակել (Տավուշի մարզպետի շատ ճիշտ գնահատականը), իսկ ահա 2018թ. այն կարելի էր փակել, այն էլ՝ ժամերով կամ օրերով։

Ինչո՞ւ պետք է 2008թ. մարտի 1-ին մարմնական վնասվածք ստացած 189 ոստիկան համարվի ռեժիմի սպասարկու և արժանանա բացասական գնահատականի, իսկ ահա 2019թ. տուժած 12 ոստիկանը՝ բարի և գովասանքի արժանի ծառայող, չէ՞ որ երկու դեպքում էլ Օսիպյանը ոստիկանական թիմում է եղել, չէ՞ որ երկու դեպքում էլ քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին ու հարձակվել են իշխանության ներկայացուցչի վրա։

Եվ վերջում, 2008թ. բախումների ժամանակ զոհվեց 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։ 2019թ. Իջևանում բախումների արդյունքում զոհեր չեղան, բայց չէր բացառվում, որ լինեին։ Կարո՞ղ եք կռահել, թե ինչու, ի տարբերություն 2008-ի, 2019-ին, բարեբախտաբար, զոհ չունեցանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել