168.am-ը գրում է.

Կառավարությունն արտահերթ նիստով հաստատեց 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Դա արվեց ոչ միայն արտահերթ նիստում, այլև դռնփակ ռեժիմով։

Թե ինչո՞ւ միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ընդունվեց դռնփակ նիստում, հավանաբար պետք է գուշակել։ Դատելով փաստաթղթում ամրագրված ցուցանիշներից` առաջիկա երեք տարիների համար ակնկալիքներն ամենևին էլ այն չեն, ինչին սպասում էր հասարակությունն իշխանափոխությունից հետո։ Խոսքն ինչպես՝ տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների, այնպես էլ՝ սոցիալական ոլորտի սպասելիքների մասին է։

Ի տարբերություն վարչապետի հայտարարությունների` կառավարության ներկայացրած միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ամենևին էլ չի ենթադրում տնտեսության թռիչքաձև զարգացում։ Ընդհակառակը` աճի ակնկալիքներն առաջիկա տարիներին նույնիսկ նվազեցվել են։

Այս տարվա համար կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի 5,4 տոկոս աճ։ Թվում է, թե թռիչքային աճ խոստացող և տնտեսական հեղափոխություն հայտարարած կառավարությունը հաջորդ տարիներին պիտի շատ ավելի բարձր աճի սպասելիքներ ունենար։ Սակայն պարզվում է, այդպես չէ։

Հաջորդ տարվա համար կառավարության ակնկալիքներն ընդամենը 4,9 տոկոս են։ 2021թ. կանխատեսվում է 5, իսկ 2022թ.` 5,1 տոկոս տնտեսական աճ։

Երկար ժամանակ պետք չեղավ հասկանալու համար, որ թռիչքային զարգացում ապահովելու հետ կապված կառավարության խոստումները հեռու են իրականանալուց։ Պատահական չէ, որ տնտեսական աճի սպասելիքները նվազեցվել են նույնիսկ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ։

Պատկերացնելու համար՝ ասենք, որ իշխանափոխությունից անմիջապես հետո հաստատված ծրագրով 2020 թ. կանխատեսվում էր՝ 5,5, իսկ 2021թ.՝ 5,6 տոկոս տնտեսական աճ։ Իշխանափոխությունից մեկ տարի հետո կառավարությունը որոշել է այդ ցուցանիշներն իջեցնել 0,5 տոկոսով։

Թե ո՞ւր մնաց տնտեսության թռիչքը, որի մասին իշխանափոխությունից հետո հայտարարեց վարչապետը, հայտնի չէ։ Այն, ինչ ակնկալում է կառավարությունն առաջիկա երեք տարիների տնտեսական զարգացումների առումով, հեռու է թռիչքային լինելուց։ Հավանաբար դա է պատճառը, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը դադարել է խոսել թռիչքի մասին։ Թեև ի սկզբանե էլ պարզ էր, որ այդպիսի հեռանկարներ չկան։ Առավել ևս՝ այն իրավիճակում, որը հաստատվել է Հայաստանում իշխանափոխությունից հետո։

Այս կառավարությունը մինչև այժմ չունի տնտեսության զարգացման հստակ հայեցակարգ։ Ու դեռ պարզ չէ, թե ո՞ւր է գնում տնտեսությունը։ Իշխանափոխությունից նույնիսկ մեկ տարի հետո շատ բան մնում է հայտարարությունների մակարդակում։ Այդ հայտարարությունները ոչ միայն հիմնավորված չեն, այլև չունեն ծրագրային ապահովում։ Ինքնահոսով տնտեսություն չեն զարգացնում, ինչպես ուզում է անել ներկայիս կառավարությունը։

Հայաստանի տնտեսության զարգացումների նկատմամբ մեծ չէ նաև միջազգային փորձագետների վստահությունը։ Միջազգային արժութային հիմնադրամի սպասելիքը 2020թ. 4,5 տոկոս է։ Նույնպիսի կանխատեսում են ներկայացրել նաև միջազգային երկու հայտնի վարկանշային ընկերությունները` «Մուդիսը» և «Ֆիթչը»։ Մի փոքր ավելի լավատես են Հայաստանի Կենտրոնական բանկն ու Համաշխարհային բանկը, թեև նրանց կանխատեսումները ևս ցածր են 5 տոկոսից. առաջինը սպասում է՝ 4,8, երկրորդը` 4,9 տոկոս։

Միջազգային փորձագետները Հայաստանի տնտեսության աճի մեջ էական փոփոխություններ չեն սպասում նաև հետագա երկու տարիներին։

Թեև վարչապետը հաճախ խոսում է տնտեսության կառուցվածքում տեղի ունեցող ձեռքբերումների մասին, այնուհանդերձ տնտեսական աճի հիմնական ակնկալիքը 2020-2022թթ. ընթացքում մնում է ծառայությունները։ Որոշակի սպասելիքներ կան նաև արդյունաբերության ոլորտից, չնայած այստեղ կանխատեսվում է աճի տեմպի նվազում։

Իշխանափոխությանը նախորդող տարում արդյունաբերության աճը Հայաստանում հասնում էր 11,8 տոկոսի։ Արդեն անցած տարի այն նվազեց մինչև 5,8 տոկոսի։ Այս տարի կառավարության սպասելիքներն ընդամենը 3,6 տոկոս են։ Հետագա երեք տարիներին կանխատեսվում է` 2020թ.` 3,7, 2021թ.` 3,9, իսկ 2022թ.` 4,2 տոկոս աճ։

Գյուղատնտեսությունը որպես գերակա ճյուղ հայտարարած կառավարությունն այս տարի ոլորտում ընդհանրապես աճ չի սպասում։ Հաջորդ տարվա ակնկալիքն ընդամենը 0,5 տոկոս է։ Հետագա երկու տարիները ևս հեղափոխական չեն լինելու գյուղատնտեսության համար` 2021թ. Սպասելիքը՝ 1, իսկ 2022թ.` 2 տոկոս է։

Ընդամենը երկու-երեք ամիս առաջ վարչապետն ասում էր, որ շինարարությունը կանգնած է բումի շեմին։ Միջնաժամկետ ծախսերի ծրագրում այս տարվա կանխատեսումն ընդամենը 1,6 տոկոս է։ Առաջիկա երեք տարիների համար առավելագույն աճը, որ սպասվում է այս ոլորտում, 3 տոկոս է։

Ակնհայտ է, որ այս տեմպով գնալու դեպքում դժվար է մոտ ապագայում ակնկալել սոցիալական իրավիճակի քիչ թե շատ էական բարելավում։ Պատահական չէ, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրն այս առումով բավական զուսպ է։

Կառավարությունը նախատեսում է հունվարի 1-ից 10 տոկոսով բարձրացնել կենսաթոշակը։ Եթե ընդունենք, որ միջին կենսաթոշակը Հայաստանում 40 հազար դրամ է, ապա դա ենթադրում է հազիվ 4 հազար դրամի հավելում։ Հաշվի առնելով նկատվող գնաճային ճնշման ակտիվացումը, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում, դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տալու կենսաթոշակառուին այդ բարձրացումը։

Չորս հազար դրամն այն չէ, ինչին մարդիկ սպասում էին իշխանափոխության արդյունքում։ Ի դեպ, ժամանակին կենսաթոշակների, ինչպես նաև աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարել էին նաև նախկին իշխանությունները։

Չնայած ստվերի և կոռուպցիայի դեմ հայտարարած անողոք  պայքարին, այնուհանդերձ դատելով փաստաթղթում ամրագրված ցուցանիշներից` կառավարությունը մեծ փոփոխություններ չի ակնկալում նաև համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկերի հավաքագրման առումով։ Առաջիկա երեք տարիներին ակնկալվում է, որ համախառն ներքին արդյունքի նկատմամբ բյուջեի եկամուտները կավելանան տարեկան միջինում 0,4 տոկոսով։

Արդեն հաջորդ տարի կանխատեսվում է ապահովել 1 տրիլիոն 621 մլրդ դրամի հարկային եկամուտ, ինչը նշանակում է, որ մուտքերի աճի տեմպը կնվազի։ Եթե այս տարի ակնկալվում է ավելի հավաքել 207 միլիարդ, ապա հաջորդ տարի` 158 մլրդ դրամ։

Ի դեպ, կառավարությունն այնքան էլ լավատես չէ այս տարվա համար հարկային եկամուտների հայտարարված 62 մլրդ դրամ գերակատարման առումով։ Ենթադրվում է, որ այն «կթերակատարվի»։ Միջնաժամկետ ծախսերի ծրագրով հարկային մուտքերի սպասելիքներն այս տարի 1 տրիլիոն 464 մլրդ դրամի սահմաններում են։ Եթե հաշվի առնենք, որ բյուջեի ճշգրտված պլանով նախատեսվում է հավաքել շուրջ 1 տրիլիոն 407 մլրդ դրամ, ապա տակը կմնա ոչ թե 62 միլիարդ, այլ 57 մլրդ դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել