Իջևանում տեղի ունեցող իրադարձությունները խիստ մտահոգիչ են՝ անկախ դրանց իրավական գնահատականից։ Բնականաբար, ապօրինի անտառահատումներն անընդունելի են ցանկացած պարագայում, սակայն մարզում համատարած գործազրկության և սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի պայմաններում ապրուստի հիմնական միջոցը հիմնականում եղել է անտառափայտի վաճառքը, ինչպես Գեղարքունիքի մարզում՝ ձկան ապօրինի որսը։ Այս իրողությունը, բնականաբար, Հայաստանում ձևավորվել է նախկին տարիներին սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման անարդյունավետ քաղաքականության արդյունքում։

Ակնհայտ է, որ եթե վաղը պատկան մարմինները խստացված հսկողություն սկսեն իրականացնել Սևանա լճում, և կանխվի ձկնագողությունը, ապա նույնատիպ իրավիճակ կստեղծվի նաև այնտեղ։ 

Ստեղծված իրավիճակում կտրուկ քայլերը կհանգեցնեն լուրջ հետևանքների՝ սկսած բախումներից, վերջացրած արտագաղթով և սահմանամերձ շրջանների դատարկմամբ։ Սա միանգամայն անթույլատրելի է, և կառավարությունը պետք է հաշվի նստի այն իրողության հետ, որ ավելի քան մեկ տարի իշխանությունը ստանձնելուց հետո որևէ էական տնտեսական բարեփոխում չի իրականացվել ազգաբնակչության սոցիալական վիճակը բարելավելու և տարածաշրջանների զարգացումն ապահովելու ուղղությամբ։ Անհրաժեշտ էր օր առաջ գործուն քայլեր իրականացնել ներառական տնտեսություն ձևավորելու, մարզերի համաչափ զարգացումն ապահովելու, նոր աշխատատեղեր ձևավորելու ուղղությամբ։ Մեր ժողովուրդն իր առօրյա կյանքում պետք է զգա դրական փոփոխություններ, ինչի համար էլ դուրս էր եկել պայքարի։ Բոլոր դեպքերում ժողովրդի հանդեպ ուժային մեթոդների կիրառումն ստեղծված իրավիճակում անթույլատրելի եմ համարում, և անհրաժեշտ է ցուցարարների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ ու գալ ընդունելի լուծման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել