Ֆիզիկական պատիժը երես առած կամ չլսող երեխաներին դաստիարակելու տարածված մեթոդ է։ Հետազոտությունները սակայն ցույց են տալիս, որ դա ոչ միայն վտանգավոր է, այլև անօգուտ։

Այսօր կբացատրենք, թե ինչու է ֆիզիկական պատիժն անարդյունավետ, և ինչ այլընտրանքային մեթոդների կարելի է դիմել երեխաներին դաստիարակելիս։

1. Դա չի օգնում, այլ միայն բարդացնում է իրավիճակը

Գիտնականները գտնում են, որ բռնությունը՝ որպես կարգապահություն սահմանելու միջոց, չի գործում երկարաժամկետ հեռանկարում, քանի որ երեխան չի հասկանում, թե իր վարքի մեջ ինչն է սխալ։ Բռնությունը պարզապես երեխայի գործողությունների դեմն առնելու արագ միջոց է։

2. Դա երեխայի նկատմամբ ագրեսոր դառնալու ճանապարհն է

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մեծամասնությունը սկսվում է թեթև ապտակներից։ Տեսնելով, որ ֆիզիկական պատիժները չեն աշխատում, ծնողները սովորաբար մեծացնում են կիրառվող ուժի չափաբաժինը, սակայն ակնկալվող կարգապահությունը, միևնույնն է, չեն ստանում։

3. Բռնությունը հետագայում ագրեսիա է ծնում

Երեխաները, որոնք մանկության ընթացքում ֆիզիկական պատիժների են ենթարկվում, հետագայում հակված են լինում բռնություն կիրառելու իրենց սեփական երեխաների և զուգընկերների նկատմամբ։ Նրանք նաև հաճախ օրինախախտներ են դառնում։

4. Երեխաները կարող են սկսել տառապել ընկճախտից

Եթե ձեր զուգընկերը ձեզ հարվածի, դուք դեռ կշարունակե՞ք մտածել, թե նա ձեզ սիրում է։ Դժվար թե, և նույնն էլ տեղի է ունենում երեխայի հետ։ Փոքրիկները սկսում են կասկածել, թե իրենց ծնողները սիրում են իրենց այն պահին, երբ ֆիզիկական բռնության են ենթարկվում։ Երեխան սկսում է իրեն անպետք և չսիրված զգալ և սկսում է տառապել կլինիկական ընկճախտով։

5. Երեխայի առողջությունը վատանում է

Բռնությունը երեխայի նկատմամբ, կամ նույնիսկ ծնողների՝ իրար նկատմամբ բռնությունը, որին ներկա է լինում երեխան, կարող է վատթարացնել նրա իմունային համակարգը։ Իսկ եթե երեխան որևէ ծանր հիվանդությամբ է տառապում, այն ավելի խորանում է։

Ինչն է կարելի այլ կերպ անել, երբ…

• Երբ ձեր համբերությունը սպառվում է. վերանայեք ձեր սպասումները և հարցրեք ինքներդ ձեզ, թե արդյո՞ք ձեր երեխայի վարքը չի համապատասխանում իր տարիքին։ Դա կօգնի իրավիճակին այլ տեսանկյունից նայել։

• Դուք մի քանի անգամ խնդրում եք երեխային իրեն լավ պահել, բայց նա ձեզ չի լսում։ Մի կարծեք, թե երեխան գիտի, թե որն է իր սխալը, երբ ասում եք․ «Քեզ լավ պահի»։ Ավելի կոնկրետ ձևակերպեք ձեր միտքը, թե ինչն է նա սխալ անում և ինչու։

• Ձեր երեխան պատրաստվում է հունից դուրս գալ։ Երբ զգում եք, որ, ուր որ է, երեխան դուրս է գալու ձեր վերահսկողությունից, սառնասրտություն պահպանեք, նայեք նրա աչքերին և ցածր ձայնով խոսեք։ Ձեր հանգստությունը նրան իրականություն կվերադարձնի։

• Ձեր երեխայի մոտ հիստերիա է սկսվում։ Հանգիստ նրան առանձնացրեք, խաղաղ վայր տարեք և բացատրեք, թե ինչու նրա վարքն ընդունելի չէ։ Հետո նրան ասեք, որ նա կարող է վերադառնալ իր խաղին, երբ հանգստանա։

• Երեխան չի ուզում ձեզ լսել։ Թույլ տվեք, որ նա ճաշակի վատ վարքի արդյունքը, եթե, իհարկե, դա չի վնասի նրան։ Այդպես երեխան կսովորի իր սխալների վրա։ Միայն թե մի չարաշեհք «Չէ՞ որ ես քեզ ասում էի» արտահայտությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել